Աշխատանքային շաբաթվա սկզբին բանկից դուրս եկա, հասա տուն։ Տղաս արդեն դպրոցից եկել էր, ինչ-որ բան էր գրում թղթի վրա։ Ձեռքիս կտրոնը սեղանին դրեցի և բացականչեցի․

– Ալե՜ն, մրցաշարի մասնակցության վճարն արված է, առաջ՝ դեպի հաղթանակներ:

Վստահ էի, որ շատ կուրախանա, որովհետև շախմատի պատանեկան այդ մրցաշարը տարին մեկ է լինում ու երեխաներն անհամբերությամբ են սպասում մրցապայքարի այդ թեժ օրերին։

Մի պահ աչքը կտրեց թղթից, շախմատի տախտակի վրա զինվորով մի քայլ արեց ու  նայեց ինձ․

– Մամ, ճանապարհը կբացվի՞։
– Աստված մեծ է, անպայման կբացվի,- մի կերպ արտաբերեցի՝ փորձելով հավատ ներշնչել ինքս ինձ ևս։

– Մամ, ընկերներս կկարողանա՞ն գալ  մրցաշարին։ Էնտեղ էնքան խելացի էրեխեք կան, ընտիր շախմատիստներ, սա նրանց համար էլ է կարևոր մրցաշար։

Ես պատասխան չունեի, բայց վստահ ասացի, որ մինչև ամսվա վերջ հաստատ ամեն ինչ կհարթվի։

Ամբողջ դեկտեմբերն անցավ։ Տարին փոխվեց։ Ճանապարհը չբացվեց։

Մրցաշարի օրը եկավ։ Հունվարի ութի առավոտյան մտա տղայիս սենյակ, որ արթնացնեմ՝ չուշանա մրցաշարի առաջին խաղափուլից։ Տեսա՝ քնել  է սեղանի մոտ, շախմատի տախտակի կողքին։

– Վայ, Ալեն, Ալեն, ինչքան ասեմ՝ սեղանին հենված մի քնի, այ բալիկ ջան։
– Մամ,- աչքերը բացեց տղաս,- բարի լույս։
– Աստծու բարին քեզ։ Հը, լա՞վ ես պարապել։ Տրամադրությունը ո՞նց է։
– Իհարկե՝ հաղթական։ Էսօր գնալու եմ  հաղթեմ, գիշերը լավ տարբերակ եմ մտածել։ Հլը տես՝ իմ  Արքան ու Թագուհին ինչ հզոր դիրքում են։

Նայեցի խաղատախտակին։ Իհարկե դիրքից գլուխ չհանեցի, բայց տեսնեմ՝ տախտակի վրա Արցախի տատիկն ու պապիկն են ավելացել թագուհու ու թագավորի գլխներին։

Փաստորեն գիշերը չէր քնել, տատիկ-պապիկի կերպարով խաղաքարեր էր սարքել և դրանցով պարապել։

– Նայիր, սա ես եմ, այսինքն՝ մենք, մեր հայրենիքը, Արցախը Արքան ու Թագուհին են, նայիր՝ ոնց եմ պաշտպանել, – մի պահ մտքերի մեջ ընկավ, տխրեց։ Մամ, ճանապարհը այդպես էլ  չի բացվել։

Համոզիչ բառ չգտա, լռեցի։

– Ճանապարհը կբացվի, անպայման կբացվի։ Ես  էլ  էսօր գնում եմ հաղթեմ ՝ գամ, – արքան ու թագուհին վերցրեց տախտակից, դրեց  գրպանը,- Արցախիկներիս տանեմ  հետս, նրանք ինձ ուժ կտան, հետո էլ  իմ հաղթանակը  իրենց ուժ կտա, էդպես իրար ուժ տալով՝ մենք մի օր վերջնականապես այնպիսի  մատային դիրք կստեղծենք, որ հակառակորդը ոչ մի փրկություն չի ունենա։

Էս 12-ամյա տղուկը մի օր պիտի զինվոր դառնա, մեր հայրենիքի սահմանները անառիկ պահի։ Ես հավատացի իր հաղթանակի հավատին, վստահ եմ՝ էս հզոր սերունդը դեռ կասի իր հաղթական խոսքը։

Մարինա Գևորգյան

շախմատը՝ Ալեն Ավագյանի