Մեր տանը բոլորը գիժ էին, բացի ինձնից: Մեր՝ Նահապետյանների տոհմում, չգիտեմ, տարօրինակություններ եղել են, թե ոչ, բայց իմ ընտանիքում, որտեղ երեքը լիարժեք Նահապետյան են և մեկը՝ Ալավերդյան, ում շատ դժվարությամբ ու տառապանքով վերջերս փոխեցին Նահապետյանի, հաստատ կային: Ես նրանց շատ էի սիրում կամ, գուցե, նրանցից սովորում էի սիրել: Մենք ապրում էինք Երևանում, բայց տեղացի չէինք. ես շատ փոքր էի, երբ տեղափոխվել էինք: Բոլորը գոհ էին, պապիկիցս բացի: Ես ուղղակի չգիտեի` գոհ չլինելու պատճառ ունեի, թե ոչ, որովհետև միակ հիշողությունը, որ մեկ-մեկ այցելում էր ինձ, այնտեղի եկեղեցու զանգն էր: Հիշում էի՝ շատ էր կանչել ինձ:
Մի քիչ պատմեմ մեր գժություններից:
Մայրս արդեն քառասուն տարեկան էր, բայց մի փափուկ արջուկ ուներ, այսինքն դրանք երկու հատ էին: Մեկն ավելի մեծ էր ու պառկած էր ծնողներիս անկողնու ձախ մասում, իսկ մյուսը՝ ավելի փոքր ու միշտ մորս մոտ էր: Այդ արջուկը նույնիսկ մեզ հետ ճաշում էր: Չգիտեմ, մայրս այդպես անելով իր մանկությունն էր վերապրում, թե վախենում էր, որ մեծանում է: Հայրս ավելի տարօրինակ էր: Հյուրասենյակի պահարանի երրորդ դարակում մի տուփ կար, որտեղ նա արդեն վեց տարի ամեն օր դրամներ էր հավաքում, ու ամենակարևորն այն էր, որ տուն մտնելիս նույնիսկ մեզ չէր բարևում: Շպրտում էր ձեռքի եղածը, մեկ, մեկ, մինչև հյուրասենյակ հասնելը, հանում էր կոշիկները տարբեր անկյուններում: Շնչակտուր վազում էր, դարակից հանում տուփը ու դատարկում հատակին: Հաշվում էր, հետո գրպանից էլի դրամներ հանում, ավելացնում եղածին ու նորից հաշվում: Հետո միայն անցնում էր մեզ նկատելուն: Չգիտեմ, հայրս այդպես անելով իրեն վստահ էր զգում, որ գումար ունի, թե վախենում էր, որ այն կպակասի:
Լավ, այս ամենը մի կողմ: Ամենատարօրինակը պապիկս էր: Նա առանձին սենյակ ուներ, բայց այնտեղ չէր քնում: Հեռուստացույց չէր դիտում, օրեր կային, որ հաց էլ չէր ուտում, գրեթե չէր խոսում ու միշտ նույն տեղում էր: Նա ննջասենյակից մահճակալը բերել ու դրել էր հյուրասենյակի պատուհանի տակ: Մայրս հատուկ մի քանի ներքնակ էր դրել, որ պառկած ժամանակ էլ երևա պատուհանի այն կողմը: Մահճակալի կողքին էլ՝ պատի մի ազատ հատվածում, հին նկար կար: Պապս քնելիս դեմքը միշտ դեպի այդ նկարն էր թեքում: Գիշեր թե ցերեկ նա դուրս էր նայում: Երբեք նույն հայացքով չէր նայում: Մեկ-մեկ վեր էր թռչում կանգնած տեղից ու ձեռքերը պատուհանին դնում: Երբեք չէր թողնում, որ պատուհանը բացենք:
Մի օր էլ ինձ կանչեց իր մոտ: Ամռան այդ օրը ցողը դեռ տերևներին էր: Ես այնքան էի զարմացել, որ վախենում էի մոտենալ: Նա նորից կանչեց: Մի փոքր հրեց մահճակալը, որ ես էլ կարողանամ կանգնել իր կողքին՝ պատուհանի առաջ:
– Նայիր, որդիս, ձյուն է գալիս:
Ես շվարել էի:
– Որտե՞ղ, պապիկ:
– Պատուհանից այն կողմ:
– Պա՞պիկ:
– Նայիր ու կտեսնես, հայրդ էլ է այնտեղ, տես, տատիկդ կանչում է ինձ, արդեն ճաշը եփել է, խաշլամա է եփել, մեր գառներից մեկի մսով:
Ես հավատում էի պապիկիս, փորձում էի տեսնել:
– Պապիկ կարո՞ղ եմ բացել պատուհանը:
– Չէ՛, չբացես: Չեմ կարողանա շնչել այդ օդը: Լավ, էլ ոչինչ չասես, թող նայեմ, տատիկդ կանչում է ինձ: Նա կանչում է ինձ…
Հաջոդ լուսաբացին պապիկը չկար: Մեր տան լռությունը ավելի լռեց: Ես թույլ չտվեցի, որ պատուհանի տակից հանեն պապիկի անկողինը ու այն նկարը: Ես տեղափոխվեցի այնտեղ իմ ողջ նյութական, ֆիզիկական և հոգևոր ունեցվածքով:
Մի սովորական գիշեր էր, երբ աչքս ծակեց պատուհանից այն կողմ գտնվող սյան վրայի լույսը, և սկսվեց… Հետո տեսա քամուց օրորվող ծառերի ստվերները, որոնք վախեցնում էին ինձ, որոնք քանի-քանի պատուհաններ էին փակում: Երևի շատերին պաշտպանում էին կամ, գուցե, ավելի շատերին բանտարկում: Ես ճանաչեցի տարբեր մարդկանց՝ անցնելով շատ պատուհաններից այն կողմ: Միայն մի բան էի հասկանում՝ իմ կյանքը դրախտ էր: Հետո սկսեցի չտեսնել ոչ մի իրական բան: Գիշերը, երբ նորից վառվեց սյան լույսը, ես տեսա տատիկիս, հետո՝ պապիկիս. հազիվ տեսա նրան ժպտալիս: Պատուհանից այն կողմը դարձավ իմ փրկությունը: Փրկությունը կարոտից, անքուն գիշերներից, վատ ու ամենալավ օրերից, փրկությունը մտքերից: Չէ, այդ մեկը սխալ ասացի, հենց այնտեղ էլ մտածել սովորեցի, սկսեցի տեսնել պապիկիս, տատիկիս, հորս, մորս, իմ ու անծանոթների և նույնիսկ ստվերների ու շշուկների պատմությունը: Բոլորի «այն կողմերը»։ Թվում էր` էլ տեղ չկար ավելին տեսնելու: Միայն թվում էր: Այսօր, պատուհանից այն կողմ, ես տեսա այն զանգը, որ կանչում էր ինձ:
Մեր տանը ոչ ոք էլ գիժ չի, բացի ինձանից:
Աշխեն Գրիգորյան
Նկարազարդումը՝ Կարինե Արոյանի