Հողի մեռած,
Ո՞վ ես դու, կիսատ բանաստեղծ,
ո՞վ կուզեիր լինեիր անկախ, թե՞ անհող։ Անմարմին, ներող։
Մարմին ես դու։ Վաղ թե ուշ պիտի գցեն գերեզմանոց, հող ու արցունք թափեն վրեդ,
մի քիչ հիշեն մեռելոցին ու ծնունդիդ,
մահվան օրդ գան խոնարհվեն ու կարոտեն,
կկարոտե՞ն։
Տո չէ մի չէ, ավանդույթ ա, պիտի անեն, մինչև իրանց մարմինն էլ մի օր թաղեն,
Պատմությունդ մնա կիսատ,
Անեծք չի սա,
այլ էնքան չկայիր, որ իմանայիր, թե ինչի կայիր։
Դրա համար հանեմ ուղեղդ, տանեմ ձորե ձոր, բերեմ Բերձոր
թաղեմ հանված գերեզմանում
զտված մարդու գամված ցավի խորխորատում,
Մեղքը բարդեմ վրեդ, անհույս, անկապ համակարգի՝
Բախտ են կոչում անկարգ հայի համակարգին:
Խառնենք իրար
սիրած ու սեքս
լեզու-մեզու
կյանք ու զրկանք
քաջ ու նրանց, ովքեր վախից դավաճանեցին, համ ինձ, համ քեզ,
բայց ո՞վ ես դու, ու՞մ եմ դիմում, ինչի՞ համար
սիլուետդ սկի չկա էլ աչքիս առաջ,
Ոչ էլ աչք կա, ոչ էլ տեսիլք,
Ինչ վախ ունեինք, տես, ասում եմ՝ դառել ա կենցաղային,
Առօրյայից փրկվան նրանք, ովքեր գցին, համ ինձ, համ քեզ
Բոզի տղա նրանք իրանց չեն զգում ամենևին, բայց են, բայց կային։
Է՞լ ինչեր կային,
Մրահոնից աստվածամոր,
Կայտառ, պայծառ, ազատատենչ,
Արդար, ազնիվ, բազմատաղանդ,
Մի քիչ թշվառ, մի քիչ հպարտ,
Դավաճանին և ինձ, և քեզ։
Ազատությո՜ւն, ես չեմ ուզո՞ւմ,
Ինչպե՞ս ուզեմ, երբ ազատ եմ բոլորից,
Ո՞ւմ հետ մրցեմ,
Ազատության իմ աղբյուրը՝ ոչնչացված, որին կոչում եմ հայրենիք։
Այնքան ազատ, որ չեմ խորշում, կոչել նրան հայրենիք։
Այնքա՜ն ազատ, որ կրկնում եմ՝ բոզի տղա նրանք իրենց այդպես էլ չզգացին, որովհետև պատճառ չեղավ իրենց մորը գերեզմանից դուրս բերելու մինչև քսանիհինգն օգոստոսի։
Այնքա՜ն ազատ, որ սողոսկել եմ մարմիններ, հասել գլխի բազմատաղանդ փոքրիկ ծալքեր։
Հանել ուղեղդ, տարել ձորե ձոր, բերել Բերձոր
թաղել հանված գերեզմանում՝
զտված մարդու գամված ցավի խորխորատում։ Ցավի՞։ (հա, լավ բառ ա խորխորատում)։
մորը, հորը, թե՞ եղբորը արտաշիրմած
մարդու մտքից էլ ի՞նչ գիտեմ, որ քեզ պատմեմ՝
Թաղել ա մեռնելուց մի անգամ, մի անգամ հանել ա հայրենիքը մեռցնելուց:
Նորից թաղել, նորից թաղել, նորից թաղել, թաղել, թաղել,
հանել, թաղել, տարել, բերել, կմախքը ծնողի, դագաղը կա՞ր,
Փտա՞ծ, ծա՞նր, բեռնատարում քշի, քշի։
Ցա՞վ ա։
տար, բեր, տար, բեր, էսքա՞ն տարբեր։ (չէ մի, բառախաղը դուրը չեկավ մեռածին)։
Ցավ ա։
բայց ո՞վ ես դու, ու՞մ եմ դիմում, քանի լեզվով խոսող երկիր ես ֆռֆռացել, պասպորտ տվել՝ վրան գրած՝ անձնագիր,
քանի՞ գեղատեսիլ վայրում ֆոտո արել, ֆիլտր դրել, ստատուս գրել, կրքոտ, լայքոտ
իսկ նույն լեզվով խոսող մարդուն՝ զտված մորը հորից հանող, երկրագնդի կեղևի վերին շերտից, որ անթեթև հողը վրեն, ինքնություն ա կոչվում արածն այս ամբողջը ամբոխի։ Ճանաչու՞մ ես։
Հող պետք չի մեզ։
Գեղատեսիլ վայրն է հողի վրա, հող պետք չի մեզ։ Հողը վրեն։
Հյուսքը բառերի աչքդ զարնե՞ց։ Կարդացածդ բան չասե՞ց։ Դա էլ վրեն, ինչ կապ ունի, եթե հող պետք չի մեզ։
Հող պետք չի մեզ ապագայում,
Հողն անցյալն է վկայում,
Տե՛ս հերիքում է բոլորին Երևանում։
Մեծ մարդ ես, հողն ի՞նչ անես,
Երեխա չես, ցեխ սարքես, ճպճպացնես։
Տուր սրան, նրան, հյուրընկալ չե՞ս։
Հողի վրեն տնե՞ր ես կառուցել, խաչքար դրե՞լ, ստեղծագործե՞լ, կամուրջ գցե՞լ ու վազվզե՞լ։ Չանեիր, վրեն։
Ախ մշակե՞լ ես, հետամնաց։ Ախ բե՞րք ունեիր, հետամնաց։ Ախ, ցորե՞նը։ Ախ սյունե՞րը էլեկտրական։ Հողի վրա բարբա՞ռ ունեիր ու ջրամբա՞ր: Ախ արյո՞ւն է թափվել։ Ախ հայրենի՞քդ թշնամուն մնաց։ Ասում եմ չէ՞, հետամնաց։ Ինձ խնդրում եմ Լատտե, և սպասարկումն այստեղ շատ վատ է, իսկ Ջիջիից չեմ օգտվում, ջնջել եմ ափլիքեյշընը հեռախոսից։ Խի՞։ Յա, որտև Տիգրան Մեծը արյուն չունի։ Ես էլ չունեմ։ Զահլես տարաք երգերով ձեր Լաոյի, հաշիվս բերեք, մենեջեր ունե՞ք, ձեր պատճառով ես ուշացա թրեյնինգից թինեյջերի։
Հողն ի՞նչ անես։
ակոս առ ակոս փորագրեմ վրան՝
ժայռապատկերներ
լիքը տառեր,
բայց տեղ կանի՞, մեզ հող պետք չի, ուղեղ հո չի՞ գլուխ հողենք։
Այբն ու բենը տեղ ա արե՞լ,
խրել ա, լխճել ա, բան չի աճո՞ւմ, հո չի՞ ցավում ավելորդ երկրի ավելորդ տառերը վաղեմի, հո չի՞ նեղում,
Ծանր բեռը Արցախի, չի նեղում հո։
Մի քիչ կտրե՞մ,
Տուր կպահեմ,
Դե դեն գցի, ափսոս է մարմինդ տակը ճխլվի,
Կամ առ, ծախի։
Էս հողդ չէ՞ր՝ չդիմացավ ծանրությանը Մհերի, էն էլ փոքրի, ինքն էլ էր ծո՞ւռ։
Դուզը խոսենք։
Էն մի բուռ ազգը չէի՞ր, որ մի դռան շան պես յոլլա էիր գնում։ Դե գնա, գնա։ Գնում ես, գնա։ Մնում ես, մնա՞։ Չես կարա, էլ տեղ չկա։
Իսկ կինոներից ես սիրում եմ Պարազիտը, շատ լավ է նկարագրված դասակարգային տրանզիտը։ Ճիշտ որ, այս նախադասությունը պիտի լիներ վերևներում: Տասնչորս, տանսհինգ տող վերև, փակում էի հաշիվն ու դժգոհ էի սերվիսից։ Իսկ հայերենով լավ չի արտահայտվում իմ միտքը: Ցավ էր, անցավ։ Ռանչպա՞ր եմ ձեզ համար, ուզում էին նվիրյալ լինեի հայրենիքին հարմար։
Բռնի դրան, կրակը մարի,
Վիզը օլորի, խեղդի մոխրի մեջ,
Դեռ թպրտում ա, պինդ բռնի դե, մի թող թռնի,
Փչի մոխիրը։
Փո՜ւֆ։
Հեռու փչի,
Ստից ծիտ էր, Փյունիկ էր իրեն երևակայում։
Խառնվի բոլոր ցեղերին հիմա։
Է, որ սպանես, կմեռնի։
Ներկայացում եմ մտածում անեմ, որ առանց տարածք բարբառը չկա։
Համե՞։
Հանի մարդուն իրա հողից, կվերանա լեզուն տարածքից։ Դիր մարդուն մի տարածքում, էդ հողի վրա լեզու կդառնա։
Արա։
Բայց տես, գոնե լեզուդ չայրվի։
Խի՞։
Բա որ վառվի, լեզվի ցավից բերանիդ մեջ զասը:
Հա, կարծեցիր հայոց լեզո՞ւն։
Տե՛ս թե նեղվես, էդ էլ հանի, դեն շպրտի։
սիկտիր արա, թե՛ մեսրոպին, թե՛ մաշտոցին
ոնց իրանք քրմերին արին սիկտիր,
համոզի, համոզի, հարմար ա, համոզի:
Համոզի քեզ ու ինձ, որ աշխարհը սկսել ա սովետից։
Համոզի ինձ ու քեզ, որ բնությունն ավարտվել ա սովետով։
Համոզվի, որ սով ես խելքի սովետից։
Բրյուսելից Բաղդադ ճանապարհ գծի,
Ցույց տուր, որտեղ են թափառող գերեզմանները։
Լոսից Փելոսու արցունքը գցի Ծիծեռնակաբերդ,
Ցույց տուր, որտեղ է կայանատեղին անգերեզմանների:
տե՛ս կոմֆորտդ չխաթարվի,
վրեն թե սպեռմայից չես վաղեմի ազգի՝
փոխանցովի հիվանդությունը սգավորի,
ախտորոշումն է՝ վիզ է դրել էլի ապրի,
է, հա, փախցնում են հաղթանակը պարտվողի,
Կրկեսի շենք չի, գրկես պաշտպանվի,
Օր օրի, մանկությունդ կարևորի,
Չէ՞ որ բժիշկ, թե դահիճ պատճառն են քո աքսորի,
լինի արդար, թե գեներալ, չես ընդունի։ Մի՞թե։
Հողը զոհ չէ, որ պահանջվի
ինչքան սիրեմ, էդքան կտաս ամեն սանտիմետրը զոհվածի,
Ամեն մարմնի հետ հայրենիքից մի քիչ կտրվի,
Եռանդուն, եռանդո՜վ ինձ դավաճանի։
Դե կորի, է:
Արարքդ ահեղ խոսքով ապացույցն է հանճարի։
Էլի ներող, սայթաքեց լեզուս մեռնող լեզվի, նույն բառերն եմ կրկնում անճարի։ Լսել ես չէ՞ արդեն, հանգն անճարի ու հանճարի։ Դե հըլը ջոգի, վաղը մյուս օրն էդ էլ չի լինի։
Ի՜։
Խելքի ծով ես, է, քրտնքից ստեղծված արդար պայքարի խաղաղության մեռած ես, է։ Արգանդից արգանդ ծովից ծովը համ երազողն ես, համ ձեռ առնողն ես, է։ Ծովն ու արգանդը չորացնողն ես, է:
Ուղեղդ չեմ հանել դեռ,
Պետք չի,
Չեմ բերել Բերձոր: Դեռ:
Բեռ չի:
ձև բռնի դե, դե ձև բռնի,
Ամեն ինչ թույն ա։ Կարկաչուն ա:
չգիտի կենդանի ա ու կաթնասուն
չգիտի գիշատիչ ա ու նվաճող,
Դե դև բռնի, թունավոր էղնի։
Կարևորը գետնանցումը սարքած ըլնի։
Ազգը ազգ չի դառնա քանի աղբ գցելու տեղը չգիտի։
Մեզ հող պետք չի, հող չլինի, աղբ չի լինի։
Հող չլնի մեզի հոտ չի լինի։
Ե՞րբ ես գնում, արտագաղթում: էդ էլ գաղթ չի՞: Գործերդ դզվի հե՞տ ես գալու:
Գիտի, թե ասվածատուր անմահ թռչուն ա,- ասած տեր-տերի՝
էրնեկ տվողը ծտերի, որ մնում են, իսկ մենք գնում։
էրնեկ տվողն՝ ինքն իր ազգին ծախողի:
Տունդ չվառես,- ասում են՝ նրանք, որ բոզի տղա իրենց չզգացին,- չվառես հանկարծ,
ադաթով հայի կապիտալիս վայիս մի էղի,
Պտուտակ անգամ թե պակասի, վարկս հողովդ չեմ մարի, ջեբս չես ծածկի, պարտքս հայրենիքին չի, որ ինձ ների։ Պարտքս բանակի՞ն, պարտքս բանկին ա, դա էլ հո հող չի, տակից չեմ հելնի: Իմ էրեխեն ինձ կթաղի։ Հա, համ կթաղի, համ կհանի, չէ որ դու էլ ես այրվող տների ցասումը զսպող երեսփոխան: Ի։
Սեռական հոլով, սեռական հոլով հայերենի, դու էլ ես մեռնու՞մ: Սեռական հոլով մի ամաչի։
Ռուսը կգա ստեղ, մեր տեղը կապրի։ Մխիթարանք եմ ճարել, դե հայաթափվի։
Բանաստեղծություն դառի հայի ծախած
անծուխ գյուղեր մեր, վեպ դառի
ծխած հայրենիք, ծխիդ մի բաժակ կենացն էլ չեմ։
Պահածդ մեղուն ու ցանկապատը չեմ։
Ձյունածածկ սարի սահմանում կանգնած զինվորի ցրտից կապտած ոտի բութ մատը չեմ։
Սահմանումդ չեմ։
Բերձորից ծագած երազանքդ չեմ։
Սողեսող մարմնով մոլորակ երկրում հայերին տարածք նվիրողը չեմ։
Թե՞ չես, թե՞ չեն ու վախենում են, թե չեմ ու չում։ Չի քորում աքսոր ու փսոր, թուրքից պրծած, հայից նեխած տնաշեններ։ Էհ, ասում եմ՝ տնաշեններ, տնաշներն էին, որ մնացին Աղավնոյում։
Չգաք հանկարծ երգի ու պարի, ես ուսուցիչն եմ հանձնվող գյուղի։
Ամեն աղով սկսվող բառ չէ, որ աղն է երկրի։
Գաղափար մնա՞ց, որ ախ չեմ քաշի:
Հայրենասիրությունը գաղափար չի, հազար ասի: Կենվոր չենք լանջին Մասիսի։ Հա, լավ Խուստուփի։ Կուզե՞ս Հոչանցի։ Տնվոր չենք ասի, սիրում ենք, պարզ չի՞։ Ինչքան ուզում ես փիառվի՝ կուզես լացով, կուզես լուտանքով։ Մենակ թե, ախպոր պես, Իշխանասարից արևելք անցի։
Պարսիկը հես ա մեզ կազատագրի։ Կարմիր գիծ ունի, բառադի լռվի։
Գլուխ ունես, գաղափարդ քորի։
Սնարյադից խանձված սարերի երկրում նախանձ է պայթում: Զարմանալի՞ է։
Լավ նահանջողը նախանձ է շարժում: Հա ի՞նչ, չէի՞ր սպասում։
Նույն ականթարթում հորից հոր հանողը տարածք է փնտրում։
Է ի՞նչ, հայրենի հող էր, հայերինն էր, էլ չի։
էլ չի՞: Գործերը դզվի հետ կբերի:
Բանաստեղծություն դարձնեմ խելքն աստանդականի։
ու երբ ակոս առ ակոս հողով մաքրեմ ուղեղիդ կեղևի վերին շերտը, էդ ժամանակ կտեսնեմ դեմքդ հերթի մեջ կանգնած աքսորյալի,
կայֆավատ էղի, մինչև կասիրն ասի՝ 10 միլիոն կտամ, հել ռադդ քաշի, տունդ մի վառի։
Նժդեհ չէիր ուզո՞ւմ, նժդեհ կդառնաս,
Վտարանդի երկրում հայոց չես ապրե՞լ,
Չէ, չէ մի չէ, իբր թե թող ոչ մի զոհ չպահանջվի անձից բացի։
Ուրույն հալածյալ հայոց երկրի, որ մեռան կոչվելով վտարանդի։
Ռևանշ չե՞ս ուզում, դե քուանշ ստացի:
Վերջն են: Ամեն սերնդին մի վերջին պոետ բաժին ա հասնում: Վերջն ենք:
Ամեն մի պոետ իրա փայ եսը հողին ա հանձնում։ Վերջն եմ։
չունենաս հանկարծ էրեխա ու մեռի չայլդ ֆրի, կակռազ գերեզմանիցդ էլ հանող չի լինի:
էրկու հազար բառ եմ տալիս 21-րդ դարի բառապաշարից
մարմնի շարժման անվերջ թվով պար եմ տալիս,
վրձին, գրիչ, ածուխ կտամ, արևահամ բա՞ռ, ինչքան ուզես
նոտա կտամ, նոպա կտաս
դե բացատրի, երգի, պարի, թռի-վռի, հանգը բռնի՝
գերեզմանից քրոջդ հանի ու էլի թաղի,
Բացատրի երգով, բացատրի պարով, բացատրի ցըքցըք, դըքցըք կայֆերով, բացատրի վեց ութ դհոլ խփելով,
Բահը նոտայով խրի հողի մեջ, թող կպնի քարին զնգոց գա, բռով հողը բառով ասա, կանգնած տեղը ուրվագծի, շարժվի պարով, ոնց ուզում ես, ոնց կարող ես․
մենակ թե, ախպերական, բացատրի վիշտը գերեզմանը տեղափոխողի:
Դադար վերցրու։
Փախստական՝ մեռած, թե սաղ։ Բա գիտեիր մենակ տոլմայով ես առանձնանո՞ւմ, պատմի հըլը կոնֆերանսում սա: Հորանջելու են։ Վրեն թե, դու պատմի: Թե վաու չասեն, քիթս կտրեմ:
Երբ դու մեռնես, կերգե՞ս՝ շիրիմիդ վրա տղեքը գան, որ տեղափոխեն։
Երբ դու մեռնես, գերազմանիդ չմոտենա՞ն՝ տեղափոխեն։
Մեզ մոտ էլ նույն ավանդույթը կա,- ասելու են,- ուղղակի արտաշիրմում են, երբ որևէ բան կասկածում են։ Արդեն ընկեր եք։ Արդեն հիմք ունեք։ Նույն ավանդույթից էրկուսդ ունեք։ Ավելին՝ իրանը սրտիդ մոտ ա, քաղաքավարի ա, խելքին հաճո ա, լոգիկա կա, դաժե շատ կայֆ ա, ամեն մարդ նույնն ա, վրեն թե լեզուն մեկումեջ այլ ա, անգլոսաքսը հարցն էդ լուծել ա, ինքն էլ ա սիրում Պարազիտը, դերասանականը թույլ ա, բայց սցենարը քուլ ա։ Կբերես նրան օրինակ, հենց քեզ բացատրեն, որ խաբկանք է, խաբված ենք ու կանք։ Փառք Աստծո դեռ կանք։
Ես էլ եմ քեզ հետ, կայֆարիկ եմ տես, տժալ գիտեմ, ժուժկալ չեմ մանկուց։ Մի թիմից ենք, հորս արև։ Դու գիտես ճիշտը, ես էլ բարձրաձայն կարող եմ ասել՝ պուց։
Թքած հայրենիք ու ազգային,
վրեն ցեղ ու ցեղասպանություն։
Դե լավ, էլ մի դու էլ՝ ժողովրդավարություն,
միավորը չափման ոչ մի թիզն ա,
կուզե՞ս լինես մերը, որ գերեզմանից հլու հանի զավակին ու աքսորվի ոչ մի թիզ հողից։ Չէ՞, դզում ա լինել կիսատ ու բանաստե՞ղծ։
Ի՞նչ ես ման գալիս։ Ինչո՞ւ։ Որ ուտես, մեռնե՞ս։ Դզված ես արդեն:
Հող չի մնացել, որ ուտես մեռնես, թիթիզ: Ի՞նչը, ի։ Հող հանձնողն ա հանձնում մեզ հողին: Մի հուսահատվի՛։ Հանձնում ա թիզ-թիզ:
Ի՜հ։
Տե՛ս, լայքում եմ չմասնատված մերկ մարմինդ, հա հարց չկա, ինչքան ուզես հայելու դիմաց, պոզադ կռնատ։ (սխալ բառ էր կռնատը, լուչշե լինի կքանստած (վսյո ժը էդ էլ սխալ էղավ: Ռակըմ, վոբշմ))։
Ինչքան ուզես հայելու դիմաց, ռակըմ, վոբշմ: Հա հարց չկա, հա կլայքեմ, տես գալիս եմ քո իվենթին:
Դու էլ լայքի արտաշիրմումն աքսորյալի։ Օքե՞յ։
Օքեյ։
Բաց ո՞վ ես դու, ի՞նչ պարույկ ես – չլնե՞լ – հարցի վրա կախված: Ո՞նց կպցրիր: Պալիտ էղի, պալիտ արա։ Ես եմ, ով եմ․ դավաճանեց համ ինձ, համ քեզ։ Արտաշիրմումն աքսորյալի չեմ նկարել: Իսկ քանի՞սը կարծեցին, թե իրենց եմ նկարագրել։
Նոր նախանձ է ձևավորվել,
Նրանք, ովքեր շանս չունեցան, նրանք, ովքեր գերեզմանը ժամանակին չհանեցին։
Լեզուս ես, ով ես։ Լեզուս չի ֆռում։ Պտտվի՝ ասեմ։ Կիսատ է այն, ինչ չի ավարտվել:
Հարուր տոկոս:
Հաստատ ապե՞։
Հաստատ ապեր։
Դե ֆռֆռա։
Պտտվի՛ր, լեզու: Քանի կաս, կմնաս կիսատ։ Կիսատ մնա, ինձ հետ մնա։ Դոշերումս շունչ հավաքի ու դուրս թռի բերանիցս։ Գաղթի, դզվի, տես էլ ինչ կա ու հետ արի, բազմապատկվի, բյուրապատկվի:
Կարևորը…
Չես մեռնի, լեզու, հավես չունեմ քեզ արտաշիրմելու, բայց հավես ունեմ քեզնով հա խոսեմ։ Հավես ունեմ հողն ընդլայնեմ քեզնով խոսելու և խոսելով քեզնով` հողը ընդլայնվի։
Հին նախանձը վերացնողն ենք,
Նրանք, ովքեր նահանջում են առանց երգի, թե երգելով:
Նրանք, ովքեր պահանջ ունեն քեզ զսպելու։
Պտտվի՛ր, լեզու։
Հող կեր, ապրի, հողի մեռած, հորս արև սրա տակից դուրս ենք գալու։
Լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի, Ստեփանակերտ, պայթյունից հետո