Արցախցի կինը խանութում հավ է թափ տալիս բարկացած ու ասում․ «Հո՞ւնց թա էլի ձու չկա։ Հավերի քամակն էլ՞ ա բլոկադում» (Ո՞նց թե ձու չկա, հավի քամակն էլ է շրջափակված)։
Ժաննա Պողոսյանի և Կարապետ Հակոբյանի 7 պատումից բաղկացած կոմիքսներից մեկի բովանդակությունն է։ Պատումը սկսվում է Ադրբեջանի կողմից Արցախը աշխարհին կապող միակ ճանապարհը փակելու առաջին օրվանից՝ դեկտեմբերի 12-ից։ Նկարները կես կատակ կես լուրջ ներկայացնում են, թե ինչպես են արցախցիները հաղթահարում շրջափակումը (ամբողջ կոմիքսը կարող եք դիտել ներքևում)։
Շրջափակումն արդեն մեկուկես ամսից ավել է ձգվում։ Աշխատանքն ավարտել են շրջափակման մոտավորապես 25-րդ օրը, երբ Արցախում ծխախոտից մնացել էր մենթոլն, իսկ մրգերից՝ պոմելոն, որոնք, ինչպես երևում է կոմիքսներից, այդքան էլ արցախցիների սրտով չեն։
«Կոմիքսները իրական պատմություններ են, որոնց մասին իմացել ենք ընկերների կամ սոցիալական ցանցերի միջոցով։ Մարդիկ կիսվում էին, որ շրջափակման հետևանքով ծխախոտն է վերջացել՝ ստիպված անցել են մենթոլի։
Մրգերից մնացել է պոմելոն. արցախցիներն էլ միրգը չեն սպառում՝ գուցե համին սովոր չեն։ Հավկիթը գրեթե չկա, բայց հավեր կան, չէ՞։ Հորինվածքներ չկան, միայն մտածել ենք, թե ինչպես դիպուկ և հետաքրքիր ձևով ներկայացնենք Արցախում տիրող իրավիճակը»,- պատմում է Ժաննան։
Ժաննան լրագրող է, Կարապետը՝ գրաֆիկ դիզայներ։ Ժաննան ստեղծում էր բովանդակությունը, իսկ Կարապետը՝ զբաղվում դրա թվային պատկերազարդմամբ։
Կարապետը պատմում է, որ իր ծառայության ընթացքում էլ հաճախ ծխախոտ չէին ունենում ու մենթոլով ծխախոտ էին ծխում։ Ծիծաղով է հիշում, որ մենթոլի դժվար էին անցնում, քանի որ համարում էին, որ «կանացի» ծխախոտ է։ Դա՞ է պատճառը, որ պատումի 3-րդ նկարում մենթոլով ծխախոտ վերցնող տղամարդու ճակատից քրտինք է կաթում։
Կոմիքսը ներկայացվել է «Ակն ընդ ական» վավերագրողների համայնքի «Շրջափակված Արցախ» մրցույթին, որը մեկնարկել է Բերձորի միջանցքը փակելու առաջին օրերին և շարունակվում է մինչև հիմա․ «Առաջինը մեզ գրավեց այն, որ մրցույթը ոչ մի սահմանափակում չուներ, ինչ ձևաչափով ուզում ես կարող ես միտքդ հասցնել հանրությանը, լինի տեքստ, լուսանկար, թե ձայն»,- ասում է Ժաննան։
Թեև մեծ արձագանքի չէին սպասում, բայց նրանց աշխատանքը ամենադիտվածն է մրցույթում։ Շարքը նաև թարգմանվել է անգլերեն։ «Տեքստերը գրվել են երկար ու բուռն քննարկումների արդյունքում։ Սկզբում՝ երևանյան խոսակցականով, այնուհետև ընկերների և ծանոթների օգնությամբ վերաշարադրվել են արցախյան բարբառով։
Ժաննան կարծում է՝ կոմիքսը սիրվել է, քանի որ կարողացել են մարդկանց սրտից խոսել։ Մյուս կողմից էլ մտավախություն են ունեցել, որ գուցե թյուրըմբռնումներ լինեն՝ իրականությունը հումորով վերապատմելու համար, բայց իրենց աշխատանքը հավանել են ոչ միայն երևանցիներն, այլև շրջափակման մեջ գտնվող արցախցիները։
Ձու չկա, ծխածոտ չկա, լույս չկա, դեղ չկա։ Կարծես ավելի վատ չի կարող լինել, կարծում են կոմիքսի հերոսները։ Բայց 6-րդ պատումում ինտերնետն է անջատվում, և այս խնդրին հեղինակներն էլ բախվել աշխատանքի ժամանակ․
«Արցախյան բարբառի վերածելու ընթացքում էինք։ Պետք է վերջին՝ ինտերնետի անջատումների մասին կոմիքսը վերաշարադրեինք, ընկերներիցս մեկը՝ Քրիստինե Խանումյանը, նամակ է գրում մեզ, որ քանի ինտերնետ ունեմ՝ ուղարկեք բարբառի վերածեմ։ Նամակը ստանալուց հետո պատմում եմ այս զուգադիպության մասին, որ ուղարկելիք պատումն էլ է ինտերնետի անջատման մասին, ու միասին ծիծաղում ենք»։
Արցախի 120․000 բնակչությունը (ներառյալ՝ 30 000 երեխա, 20 000 տարեց, հաշմանդամություն ունեցող 9 000 անձ) շարունակում են շրջափակման մեջ մնալ, և հումանիտար աղետը գնալով սաստկանում է։
«Ինչքան էլ փորձենք մեր աշխատանքին նայել կոմիքսի տեսանկյունից, պետք է հիշել, որ դրանք իրական մարդկանց խնդիրների մասին են։ Հարգանքի է արժանի, թե ինչպես են նրանք կարողանում հաղթահարել շրջափակման բարդությունները»,- ասում է Կարապետը։
Շուշանիկ Փափազյան
լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի






