Քաղաքը դատարկվում է ուտելիքից,
մեքենաներից, էլեկտրականությունից
Դատարկվող ցուցափեղկերում կինը իր սիրած գույնի շրթներկն է փնտրում, որ օրերի պես գունատվող դեմքին զվարթություն տա մի քիչ։
Մայրիկը՝ մանկական կերը, որ լացող փոքրիկին մեծացնի հայրենիքի համար։
Տղամարդը՝ գոնե մեկ հատիկ ծխախոտ, որ օրերի պես տխուր հառաչանքը ծխի հետ կուլ տա մի անգամ։
Տատիկը՝ մի բուռ բրինձ, որ պապիկին տաք թանապուր տա գուցե մի վերջին անգամ։
Հայրիկը՝ օրեր շարունակ մի մանդարին, երեխային խոստացել էր։
Բոլորը, բոլորը, բոլորը այս երկրում փնտրում են միայն մի լուր.«Բացվել է կյանքի ճանապարհը»։
Բայց չկա, չկա, չկաաա՜ արդեն մեկ ամիս։
Փոխարենը կա միայն շատ սե՜ր,սե՜ր,սե՜ր,
Սեր՝ բոլորը իրար հանդեպ
և …բոլորը՝ նշխար դարձած
մի բուռ
այս հողի հանդեպ,
որ բոլորին ամուր գրկած պահում է՝
խոստանալով հենց այդ սիրով էլ փրկել բոլորին։
Զարինե Սառաջյան
նկարը՝ Մարատ Գևորգյանի