Ակն ընդ ականի «Շրջափակված Արցախ» մրցույթի մասնակիցների «հետքերով» (մրցույթի արդյունքները կամփոփվեն, երբ պաշարումը ճեղքվի)

«Արցախ» երաժշտական էսքիզի հեղինակ, 34-ամյա Տիգրան Ալեքսանյանը՝ տնտեսագետ, գրող, երաժիշտ, աշխատում է Թեք տեղ թատրոնում և Հայարտում, իսկ վեպը, որի 300 էջ արդեն կա, հիմա արդեն մտքում է գրում։ Ինչպես և իր ծնողները, Տիգրանը ծնվել ու մեծացել է Երևանում, իսկ տատերն ու պապերը Սյունիքից և Շիրակից են։ Տնտեսագիտական կրթությունը շարունակել, ապա կամավորական աշխատանքի ու բազմաթիվ այլ ծրագրերի է մասնակցել Արևմուտքում, հետո «դեգերումները» շարունակել է կոմունիստական Վիետնամում, Հնդկաստանում…

– Չգիտեմ էլ, թե ինչու գնացի, տնտեսագիտություն սովորեցի։ Հայրս տնտեսագետ է, մայրս՝ մանկավարժ մատենագետ։ Հորեղբայրս բանասեր է, թարգմանիչ, բանաստեղծ, և այլն, և այլն…

Այսինքն, քո դեպքում տղան ոչ թե քեռուն, այլ հոպարին է քաշել։

– Փոքր ժամանակ մամայիս կողմի տատին ինձ քեռիին էր նմանեցնում, պապայի կողմի տատին՝ հոպարին… Չեմ զղջում Ժողինստիտուտն ընտրելու համար. այնտեղի կիսագողական ռազբորկեքը, թեմաները լրիվ ուրիշ փորձառություն էին, քան, ասենք, բանասիրականի կամ Կինոյի, թատրոնի ինստիտուտի ուսանողներինը։ Բայց եթե բանկում աշխատելը տնտեսագետի աշխատանք է համարվում, ուրեմն ընդամենը կես տարի եմ աշխատել մասնագիտությամբ՝ HSBC-ում ։ Էն գործը, որը ես մագիստրոսի կոչումով անում էի, վստահ եմ, որ դպրոցի ութերորդ դասարանի կրթությունս էլ թույլ կտար անել։

– Բանկի աշխատողները կգժվեն էս ասածիցդ։

– Չէ՛, չեն գժվի։ Եթե քսան տարի աշխատելով չեն գժվել, իմ ասածից չեն գժվի։ Իսկ ես որ բանկում նայեցի կողքիս աշխատող, արդեն թեկնածուական թեզ գրող և երկու երեխա ունեցող, ի դեպ, շատ էլ լավ աղջկան, հասկացա, որ եթե շարունակեմ մնալ բանկում, կա՛մ ամբողջ կյանքս մնալու եմ այնտեղ՝ փշրելով բոլոր երազանքներս, կա՛մ էլ պիտի կտրուկ դուրս գամ։ Ես էլ կտրուկ դուրս եկա, գնացի Ամասիա գյուղ, աշխատանքի ընդունվեցի, 14 ամիս գյուղում ապրեցի։ Հրա՛շք էր։ Հայաստան էի տեսնում, մարդ էի տեսնում Երևանից դուրս։ Ինձ շատ հետաքրքիր էր այդպիսի մարդկանց հետ շփվելը. գյուղում տնտեսությամբ զբաղվողներ, գյուղի դպրոցի ուսուցիչներ, մի խոսքով՝ ուրիշ կյանքի փորձ ունեցողներ։ Շենքի երկրորդ հարկում էի ապրում։ Առավոտյան աշխատանքի գնալիս մինչև երկրորդ հարկից կհասնեի առաջին հարկ, արդեն երեք տան մեջ սուրճ էի խմած լինում։ Դա Երևանում տեսել էի միայն փոքր ժամանակ՝ ցուրտ ու մութ տարիներին, երբ շենքի բնակարանների դռները միշտ բաց էին բոլորի առջև։ Իսկ Ամասիայում դեռ պահպանված էր դա, ինձ համար մեծ հաճույք էր։ Երևանում կյանքս անցել էր ամբողջ օրն ընկերներով մի փաբից մյուս փաբը, մի բարից մյուս բարը գնալով, դե գիտեք ջահելների կյանքը։

Չէ՛, չգիտեմ, իմ խեղճ սերնդի երիտասարդ ժամանակ փաբ չկար, բար էլ՝ մեկ-երկուսն ամբողջ քաղաքում… Բայց մի հետաքրքիր բան պարզեցի պատմածիցդ։ Նախորդ զրուցակիցս՝ Օշին Ռոստամին, մեծացել է ԱՄՆ-ում և այստեղի իր ընդամենը վեցամսյա կյանքը կարևորում է հատկապես մարդկային շփումներով, ինչպես դու։ Արցախի շրջափակման դեմ արվեստի գործերով պայքարող երիտասարդներիդ մեջ գուցե դա տեսակարա՞ր հատկանիշ է։

– Այո՛։ Ինձ թվում է, որ թե՛ տարանջատումը՝ հայաստանցի, ղարաբաղցի, թե՛ այն, որ չենք էլ ուզում պատկերացնել ինչ են զգում արցախցիները բլոկադայի մեջ և այլն, չշփվելուց են գալիս, պատկերավոր ասած՝ հարևանի հետ կոֆե չխմելուց։ Եթե, ասենք, մի օր իմ հարևան տիկին Օլյան Ամասիայում բլոկադայի մեջ լինի, ես շատ ավելի խորը դա կզգամ, քան Երևանում նստած այն մեկը, որը նրան չի ճանաչում և հետը կոֆե չի խմել։ Ու դրա համար էլ Արցախը ոմանց համար դարձել է սոսկ մի կտոր տարածություն, որի հետ կապ չունեն։

Ազգային գաղափարնե՞րն են բերում շփվելու կարիքին, թե՞ շփվելուց հետո ես հասկանում, որ սիրում ես քո երկիրը, ազգը, քո ազգային արժեքները։

– Մենք շատ վատ վարվեցինք «հայրենասիրություն» բառի հետ, վարկաբեկեցինք, մեր մշակույթն առաջ չտարանք։ Կարծում եմ, որ Արևմուտքը մշակութապես հաղթել է աշխարհում. Վիետնամի մի խուլ գյուղում, որտեղ անգլերեն էի դասավանդում, պիոներական վզկապներով երեխեքին հարցնում եմ՝ ի՞նչ երաժշտություն եք սիրում։ Մեկն ասում է՝ Քեյ փափ (K pop՝ Կորեական փոփ)։ Մի անգամ էդ թեմայով մի նկար ցույց տվեցի, առանց չափազանցելու՝ աղջիկներից մեկն աթոռից ընկավ։ Այսինքն, միջին վիճակագրական վիետնամական կոմունիստական գյուղում լսում են հարավկորեական մի խմբի. դա էլ իրենց Արևմուտքն է, էլի՛։ Լրիվ նույնն է, ինչ որ Արևմուտքը մեզ համար։ Արևմուտքն այնքան է հաղթել աշխարհին, որ ինչն իրենցն է, մեզ մոտ անմիջապես դրական զգացողություն է առաջացնում։ Հիմա որ Ռուսաստանն արտադրի որակյալ, ինչ ասեմ՝ սուրճ, բերի, դնի սեղանին, (վստահ եմ, մինչև պատերազմն էլ) միանգամից ասելու են՝ վատն ա, ամերիկյանն ա լավը… Ռուսականը վատն ա, հայկականը վատն ա, գերմանականը լավն ա… Եվրոպայում տարբեր ծրագրերի մասնակցելով ասում ենք՝ Եվրոպան մեզ կերակրեց, մեզ կրթեց, լավ բաներ սովորեցրեց։ Եվրոպան եկավ ու, օրինակ՝ Ամասիա գյուղի բնակիչներին սովորեցրեց, որ սեռով պայմանավորված աբորտները վատ են։ Իհարկե, վատ են, բայց ինչքանո՞վ է գյուղացին Ամասիայում պատրաստ նման բաներ լսել։ Մարդիկ ընդմիջումն անում էին, թողնում-գնում էին, ասում էի՝ ու՞ր, ասում էին՝ կովս մնաց, պիտի գնամ։ Բայց փող էր ծախսվում, վարողը փող էր ստանում, մնացածն էական չէր, կարևորը՝ ինքը վճարվեց էս աղքատ երկրում։

– Քո ասածից բխում է, որ այստեղ արևմտյան արժեքներին ձևական են հետևում, վճարվում են, ու վե՛րջ։ Բա ինչպե՞ս այդքան մարդ հավաքվեց 2018-ին Երևանի Հանրապետության հրապարակում։

– Եթե չես ուզում, որ մեկը քո երկրում հավերժ ղեկավար լինի, դա արևմտյա՞ն արժեք է…Լիքը լավ մարդ կա, որ հաստատ սիրում է մեր երկիրը, էս վիճակից տանջվում է, բողոքում է, բայց երբեք չի ընդունի, որ սխալվել է։ Ես, օրինակ, խառն անձնական կյանքովս հանդերձ, միայն մի բանի համար եմ զղջացել՝ որ 2018-ին դուրս եմ եկել փողոց, ուրիշ ոչ մի բանի համար չեմ զղջացել… Ցավոք, լավ իմաստով դուխով ջահելները, որոնք եղանակ էին ստեղծում, որոնք երեք հոգով կարող էին ակցիա անել, իրենք դրանից հետո հանգան, չկան իրենք։ Ապրում են, աշխատանքի են գնում, երեխա ունեն, բայց չկան։ Հետները որ խոսում ես, ասում են՝ հո սաղ կյանք չե՞մ կարող ֆիզիկապես ու հոգեպես պայքարել։

Ու դադարեցին պայքարել նաև Արցախի՞ համար։

– Մենք Արցախում պարտվեցինք, որովհետև ըստ էության չուզեցինք Արցախը. շատ կուզեմ սխալված լինել, բայց հայաստանաբնակ հայերի մեծ մասի համար մեկ էր՝ Արցախը Հայաստան կլինի՞, թե՞ չէ, կարևորը՝ զոհ չլիներ, կարևորը՝ կռիվ չլիներ։ Կռիվը եղավ, զոհերը եղան, Արցախն էլ մնաց այնտեղ…

– Հաղթանակի հույս չկա՞, անիմա՞ստ է պայքարը։ Այս մրցույթը ոչ մի հույս չի՞ արթնացնում գոնե ստեղծագործողներիդ շրջանում։

– Սխալ չհասկանա՛ք։ Պայքարը միանշանակ պետք է։ Պարտվել ենք, չի նշանակում, որ պիտի փակենք Հայաստանի Հանրապետությունն ու գնանք չգիտեմ ուր։ Պիտի անընդհատ պայքարենք, որ մեր տեղում լինենք։ Իսկ այս մրցույթը պիտի գոյություն չունենար, որևէ մեկի մտքով պետք է չանցներ նման մրցույթը. ո՞նց կարող էր այս պատերազմից, այս ամեն ինչից հետո կարիք լինել մրցույթով հիշեցնելու հային, որ կա Արցախ։

– Ճի՞շտ եմ, որ սա այնպիսի մրցույթ է, որի դեպքում տեղին է ծեծված, խոսքը, թե կարևորը մասնակցությունն է։

– Երևի։ Ես այս երաժշտական էսքիզը շուտվանից ունեի։ Էլեկտրոնային գործիքիս գունավոր լույսերով Արցախի դրոշ էի սարքել կենդանի կատարման համար, ուղղակի այն ժամանակ անձնական կյանքս էր մի քիչ խառը, պատերազմից հետո էլ ապատիկ վիճակների մեջ էի, մրցույթը արթնացրեց, խթանեց, որ ավարտեմ այն ինչ վաղուց պլանավորել էի։

Երաժշտական հնչյուններն ուղեկցել ես անգլերեն հայտարարությամբ, թե «միջազգային հանրությունն անհանգստացած է», թե «միջազգային հանրությունը խորապե՛ս է անհանգստացած», չեմ կարծում, թե հեգնանք չկա։

-Կա, իհարկե։ Աբսուրդ է ուղղակի. 120 հազար մարդ բլոկադայի մեջ է քանի ամիս, օղակը ավելի է սեղմվում, իրենք դեռ հայտարարություններ են տարածում, ու ամեն անգամ «ավելի ու ավելի լուրջ են մտահոգովում»։  Բայց չգիտեմ՝ դրսի՞ց պիտի գան, օգնեն, որ բացվի ճանապարհը, մե՞նք պիտի բացենք… Միակ բանը, որ բոլորս հաստատ կարող ենք այս պահին՝ Արցախի մասին միտքը պահելն է։ Հասել ենք մի այնպիսի վիճակի, որ ոչ թե մտածում ենք, ինչպես առաջներում խոսում էինք՝ հասնենք Բաքու, այլ ձգտում ենք, որ գոնե բոլորս Արցախը համարենք Հայաստան։ Պատերազմից  հետո արվեստագետ տղերքից մեկին տեսա այգում, ծխում ու խոսում էինք ինչ կա չկա-ից։ Ասաց՝ հա՛ դե, Արցախը սաղիս կոկորդում էր մնացել։ Այդտեղ իմ թուքը կոկորդիս կանգնեց։

– Թքեիր, հիմա մոդա է, այն էլ՝ բարձրաշխարհիկ մոդա։

– Ես այդքան շանս չունեմ… Եթե նրա ասածի մեջ ճշմարտության մի կաթիլ լիներ, այսօր մենք պետք է երջանիկ ապրեինք։ Կարո՞ղ ես գնալ Արցախ, չե՛ս կարող, կոկորդներումս որ չի, թքեցինք դու՞րս, չգիտեմ ինչ արեցինք…Արցախը տանք՝ լավ ապրենք, Սյունիքը տանք՝ լավ  ապրենք, լրիվ տանք, գնանք Լոս՝ լավ ապրենք։ Է, հետո՞։ Չգիտեմ, թե լավ ապրելը որն է։ Կռվի օրերի տղերքին եմ հիշում, ու հանկարծ էս մեկն ասում է՝ կոկորդներո՛ւմս։ Չգիտեմ՝ ում կոկորդում էր Արցախը։ Ինձ թվում է՝ Արցախը թուրքի կոկորդին էր կանգնել։

 Հարցազրույցը՝ Ռուզան Խաչատրյանի