Ակն ընդ ականի «Շրջափակված Արցախ» մրցույթի մասնակիցների «հետքերով» (մրցույթի արդյունքները կամփոփվեն, երբ պաշարումը ճեղքվի)

Պատմել ենք, «Արցախին գրակախառնված» գրաֆիկան Օշին Ռոստամին ստեղծել է արցախցի Նանար Պողոսյանի պատումը նկարազարդելիս։ 7 տող է և պաշարված երկրի ամբողջակա՛ն պատկերը.

«Արցախում փլուզվում են կյանքեր և գրվում հայտարարություններ։

Այստեղ կա՛մ ծնվում են, կա՛մ մեռնում։

Իսկ կարոտը սկսվում է դեռ հրաժեշտ չտված։

Այստեղ օրը սկսվում է կրակոցներով։

Իսկ Ա կետից Բ կետ գնալու համար գրկախառնվում են ընտանիքի անդամները։

Իմ երկրում վարագույրը կյանքեր է փաթաթում ու հեռանում։

Իսկ բարի գիշերի փոխարեն հավաքվում են թեյի շուրջ, որ երկար մնան իրար հետ»:

Ակն ընդ ականը Նանարին հրավիրել է սկզբնապես իր անձնական սոցէջում հրապարակած այս ստեղծագործությամբ մասնակցել մրցույթին. «Մրցանակների, որևէ օգնության երբևէ չեմ սպասել, բայցև ուրախացա, որ մեկը գոնե ստեղծագործական մոտեցումներով վեր է հանում Արցախի շրջափակման անչափ ցավոտ հարցը»:

Նանար Պողոսյանը գրող է, իրավաբան և բանասեր. «Համատեղել միշտ կարողանում եմ ամեն ինչ, «չեմ կարող»-ը թույլերի՛ պատճառաբանությունն է։ Իսկ իմ ամենակարևոր ձեռքբերումը համարում եմ արցախցի լինելս։ Եթե ես նորից ծնվելու լինեի, նորից կուզենայի ծնվել, ապրել և արարել իմ հողում՝ Արցախի հողում»:

Համոզված է, որ արցախցու ոգին անհնար է կոտրել. «Ինչքան էլ շրջափակեն, ինչքան էլ դավաճանեն, ես մտածում եմ, որ այս ամենը փորձություն է, իսկ Աստված ուժեղներին է փորձություն տալիս: Մի անգամ ազատագրված Արցախը համազգային միասնության դեպքում երկրորդ անգամ էլ կարող ենք ազատագրել: Մենք փյունիկ թռչունի պես վեր հառնել գիտենք մոխիրներից, հակառակ դեպքում, ի՞նչ պատասխան ենք տալու տղերքին՝ երկնքում, ես՝ իմ հորը, որ անարժան զավակի պես չկարողացանք պահել»։

Նանար Պողոսյանն ապրում և աշխատում է Ստեփանակերտում։ Ծագումով Արցախի Մարտունու շրջանի Կաղարծի  գյուղից է: Իր ծնվելու օրվա՝ 1991թ. մարտի մեկի մասին պատմում է, որ անխնա ռմբակոծվում էր շրջանը, և հայրը՝ Նիկոլայ Պողոսյանը, հորեղբայրները ռազմի դաշտում էին, տանը տղամարդ չկար. «Այդ օրերին օմօնականները տեղակայված էին Ղարադաղլու (ներկայիս Վարանդա) գյուղում, որի կողքով արգելված էր անցնել, քանի որ շատ վտանգավոր էր, իսկ մայրիկիս Մարտունու ծննդատուն հասցնելու համար պիտի անցնեին այդ գյուղի մոտով։ Մարտունիում ապրող մորական տատս գնացել է պարետի մոտ և խնդրել օգնել։ Նա էլ տանկով 7 հոգանոց զինված խումբ է ուղարկել, որ ուղեկցեն շտապօգնության մեքենանՀայրս պատմում էր, որ զինակից ընկերներով ամբողջ գիշեր քեֆ են արել, իսկ Ճարտարեցի Սարիբեկը ողջ գիշեր «Ա՜խ, ՆանարՆանա՛ր» երգն է երգել»:

Նանարի հայրն ու մայրն անբնակ հողատարածքում երկհարկանի տուն են կառուցել, ու հիշում է, որ թեկուզ դժվար օրեր էին, բայց հաղթանակած էին, ուրախ էին, բոլորը տանը ներկա էին։

Ստեղծագործել նա սկսել է մանկուց. մեծ աղջիկ չէր դեռ, երբ «Կոռուպցիայի հավակնորդ ղեկավարներին» վերնագրով տեքստ գրեց. «Անարդարությունները շատ անտանելի էին առանց հայր մեծացող երեխայի համար: Միայնակ մայրս վախեցավ, բարկացավ ինձ վրա՝ ասելով, որ դպրոցական եմ, պետք է միայն իմ դասերով զբաղվեմ, ինչին պատասխանեցի, որ չեմ վախենում ասել՝ թագավորը մերկ է»:

2018թ. հրատարակվել է Նանար Պողոսյանի «Սեր և պատերազմ» գիրքը. հայրենասիրական, սիրային, խոհական ապրումների համադրություն, որն ընդգրկում է նաև ապրիլյան քառօրյա պատերազմի նրա ապրումները, հերոսների սխրանքները: Իսկ «Լիսբոն 5»-ի սխրագործությամբ ոգևորված՝ աղջիկը որոշել էր անձամբ ծաղիկներ խոնարհել տղաների հիշատակին, ու ճամփա էր ընկել դեպի Բեյրութի հայկական գերեզմանատուն. «Մանկուց միշտ իմ քայլերի ուղղությունը պահել եմ դեպի երազանքներս: Մինչ բոլորը մտածում էին՝ այսինչ բանն անհնար է, այնինչ բանն անիրականանալի է, ես միշտ համոզված էի, որ կյանքում անհնար ոչինչ չկա, մարդու մտքին տեղ լինի: Ու էդպես էլ ապրում եմ մինչ էսօր»: Նանարն ուխտել էր Արարատ լեռը բարձրանալ, հաջողեց ու Արցախի դրոշն Արարատի գագաթին ծածանեց:

 

 

Նանարն՝ Արարատի գագաթին

Վերջերս արժանացել է Հայաստանի «Վարկանիշ» ընկերության «Հանուն Արցախի, հանուն զինվորի, հանուն մարդասիրության և հանրային բարձր հեղինակություն» անվանակարգում «Կոչումը՝ կին ոսկե կոդ» պատվավոր մրցանակի. «Ցավոք, Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման պատճառով չկարողացա գալ Հայաստան՝ մրցանակս ստանալու, քույրս ստացավ: Ու թե երբ ինձ կհասնի, դեռ անհայտ է»:

Որքան մեզ հարվածեն, մենք այնքան համախմբվելու ենք սիրո շուրջ. նման տրամադրվածություն մի՞շտ է ունենում, թե՞ երբեմն ուժերը լքում ենԱնշուշտ, սերը միշտ համախմբող է, հայերս իրավունք չունենք թուլանալու և ընկրկելու, որքան էլ մեր երկիրը լինի բզկտված և կարեվեր խոցված, մենք պարտավոր ենք հավաքել փշուրփշուր եղած մեր հայրենիքն ու կերտել տոնը հոյակերտ՝ ՀայաստանԱրցախՍփյուռք»:

Հայաստանցիներիցս ի՞նչ ակնկալիք ունի իրենց վիճակը գոնե մեղմացնելու համար. «Ես ոչ մեկի փոխարեն չեմ կարող խոսել, դա շատ նուրբ հարց է։ Անձամբ չեմ տարանջատում հայաստանցի, արցախցի…, ինձ համար կա հայ հասկացողություն, պարզապես վաղուց դադարել եմ հավատալ Մայր Հայաստանի՝ Արցախն իր թևերի տակ առած ժամանակների վեհաշուք փառքին։ Սա մեր համազգային ցավն է, ու բոլորս պետք է պայքարենք մեկ գերագույն նպատակի՝ Հայրենիքտան կառուցման համար»:

Հարցազրույցը՝ Ռուզան Խաչատրյանի

Ճակատի լուսանկարում՝ Նանարը՝ Ռիո դե Ժանեյրոյում է՝ Հիսուս Քրիստոսի արձանի մոտ