Ակն ընդ ականի «Շրջափակված Արցախ» մրցույթի մասնակիցների «հետքերով»   (մրցույթի արդյունքները կամփոփվեն, երբ պաշարումը ճեղքվի)

Վերջերս սոցցանցերում բարձր գնահատականներ ստացած՝ «Արցախին գրկախառնված» գրաֆիկայի հեղինակ Օշին Ռոստամին  ծնվել է Թեհրանում, մայրը և հայրը հայ են՝ Ջուղայից։ Ինքը երկու տարեկան էր, ավագ եղբայրը՝ հինգ, երբ 1985-ին ընտանիքով տեղափոխվեցին Գերմանիա. քույրն այնտեղ ծնվեց։ Մեկ տարի ապրեցին փախստականների ճամբարում, ապա, ինչպես այդ ժամանակ բազմաթիվ պարսկահայ ընտանիքներ, իրենք էլ հաստատվեցին ԱՄՆ-ում. «Շատ դժվար ոտքի կանգնեցինք օտարության մեջ։ Դեռ Գերմանիա գնալուց երկու ամիս առաջ մամես ավտովթարից բազմաթիվ կոտրվածքներ էր ստացել, Գերմանիայում վատառողջ էր։ Թեհրանում ծնողներս շատ մեծահարուստ չէին եղել, բայց աղքատ էլ չէին. տունը, ունեցած-չունեցած մյուս բաները վաճառել էին, ահագին փող էր, ու շատ մոտ ազգական մի ընտանիք Պարսկաստանից Ամերիկա պիտի ուղարկեր էդ փողը, չուղարկեց։ Մերոնք կյանքը զրոյից, դժվարություններով սկսեցին Ամերիկայում, բայց մեզ միշտ ամենալավը տվեցին…»։

Իրանը չի հիշում. փոքր էր, երբ հեռացան, պարսկերեն սովորել չհասցրեց. «Մամեն, պապեն (մաման, պապան. – Ռ.Խ.) մեզ ֆարսի չեն սովորեցրել, որովհետև իրենց համար հայերենը ավելի կարևոր էր, շատ էին ուզում, որ տանը միշտ հայերեն խոսեինքՉէ՛, գերմաներեն էլ չգիտեմ, մենակ՝ հայերեն ու անգլերեն»։ Ընտանիքում ոչ ոք որևէ կուսակցության չի հարել, բայց միշտ մասնակցել են ազգային ձեռնարկների, Հայ մարմնակրթական ընդհանուր միության միջոցառումներին։

Վեց ամիս է, որ Օշինը տեղափոխվել է Հայաստան («Եղբայրս ու քույրս իրենց կյանքն Ամերիկայում են գտել, արդեն ընտանիք, երեխեք ունեն, դժվար թե Հայաստան գան մշտական ապրելու, ես էլ դեռ իմ տեղն եմ փնտրում այստեղ, շատ ուզում եմ մնալ, տեսնենք»

Երևանյան «Ակն ընդ ական» վավերագրողների համայնքին է անդամագրվել, «Շրջափակված Արցախ» մրցույթին մասնակցում է գրաֆիկական գործերով։

­ – Սա քո առաջի՞ն հարցազրույցն է։

– Հա՛, վերջին քսան տարում տարբեր գործեր եմ արել…

Վերջին քսա՞ն տարում, ինչու դու քանի՞ տարեկան ես

– Քառասուն կլինեմ նոյեմբերին։ Վերջին քսան տարում տարբեր գործերով եմ զբաղվել, մեկ տարի նույնիսկ ուսուցչի օգնական եմ եղել Լոս Անջելեսում, բայց հատուկ մի բան չեմ արել, որ մեկը ինձանից հարցազրույց վերցներ։ Սա առաջինս է…

Այսինքն, ստեղծագործել նո՞ր ես սկսել։

-Չէ՛, լրիվ կյանքս էդ գործերի հետ զբաղված եմ, ու ափսոս, որ լուրջ  չեմ վերաբերվել. մի քանի ամիս արել եմ, բաց եմ թողել, մի քանի ամիս արել եմ, բաց եմ թողել… Երբ արվեստ ես ստեղծում, պետք է ցույց տաս, պետք է ցուցահանդես անես, իսկ ես երբեք չեմ արել ցուցահանդես։ Իմ պրոֆեսիոնալ բեքգրաունդը դիզայնի մեջ է։ Գրաֆիկական դիզայնով եմ զբաղված՝ ավագ դպրոցից սկսած։ Այստեղ ֆրիլանս (արտահաստիքային,-Ռ.Խ.) դիզայներ եմ, դրսից եմ պատվերներ ստանում, կապերս դեռ Ամերիկայի հետ են։

– Հայկական ինքնությունդ ե՞րբ արթնացավ։

– Միշտ կար, մամեն, պապեն միշտ էդպես են դաստիարակել։

Մինչև ազգային թեմաներին անցնելը կարծես թե անընդհատ հայերեն տառեր ես գծանկարել։ Մեր տառերը քեզ համար զուտ ֆորմա՞ են, թե՞ տակը բովանդակություն կա։

– Երկուսն էլ, առաջին-երկրորդ չկա. երկուսն էլ կարևոր են (հայերեն տառերը շաբաթօրյա դպրոցում սովորեցի)։ Երբ որ նայում ես մեր տառերի երկրաչափությանը, ամեն ինչը կատարյալ է ։

Լատինական տառերը կատարյալ չե՞ն։

– Նույն գործը կարող եմ անել լատինատառերով, բայց իրար մեջ չեն հագնում… Երբ նկարում էի, հասկացա, թե հայերեն տառերը ինչքան հեշտ ձևով են մտնում իրար մեջ, ու ընկա ոգևորության մի ուրիշ աշխարհ։ Խորացա, հիմա մի գործի վրա եմ աշխատում, որը պետք է ուղարկեմ Լոս Անջելես (Արեգ անունով մի տղայի համար իր ծնողներն են պատվիրել)։ Հիմա մտածում եմ էս գործը պարսկերեն փորձել. իրենք էլ սիրուն տառեր ունեն, ես սիրում եմ իրենց տառերը։ Մի բան կլինի՛։

Ասում ես՝ ծնողներդ Ջուղայից են ծագումով, 2005 թվականին, երբ Ադրբեջանն ավերում էր Ջուղայի հին գերեզմանատան հազարավոր խաչքարերը, շատ հավանական է՝ քո ուղղակի նախնիների գերեզմանները, դու տեղեկացա՞ր, ի՞նչ զգացիր։

– Հայկականով այդ տարիներին հետաքրքրված էի, բայց խաչքարերի մասին չգիտեի։ Վերջին հինգ տարիներին սկսեցի հետաքրքրվել, նկարները տեսել եմ, վիդեոն եմ տեսել, թե ինչպես են ազերիները ոչնչացնում էդ խաչքարերը։ Ի՞նչ պիտի մտածեմ, ի՞նչ պիտի զգամ, սա էն դեպքերից է, երբ բառերով բարդ է ասելը…

Ե՞րբ առաջին անգամ եկար Հայաստան։

– 2002թ. եկել եմ ՀՄԸՄ-ի հետ։ Սկաուտական ճամբար՝ Բյուրական։ 18-19 տարեկան էի, դեռ խելքս տեղը չէր։ Շատ ժամանակ է տևել, որ հասկանամ, թե ինչ պետք է անեմ, ոնց պետք է անեմ։ 2016 թվին եկել ենք եղբորս աղջիկներին կնքելու։ Մի անգամ էլ 2019-ին եմ եկել ամառը մամեիս հետ, հետո 2020-ի պատերազմը եղավ, հետո էս վերջինը…Մի-երկու տարի հետ ու առաջ արեցի, մտածեցի, ու հիմա ստեղ եմ։ Փորձում եմ իմ տեղը գտնել։ Կուզեմ մնալ, բայց պետք է իմ գործս ու ամեն ինչ տեղը լինի։ Եթե ստացվի, կմնամ։

– Այստեղ ապրելն ինչո՞վ է լավ։

– Շատ հետաքրքիր է, որ բոլորը հայերեն են խոսում, բացի այդ,  շփումները հեշտ են։ Գլենդեյլում մարդիկ այնքան հեռու են ապրում իրարից, որ չես կարող փողոցում, բակում հանդիպել, մեքենայով պիտի ժամերով գնաս, գնալուց մի քանի օր առաջ էլ զգուշացնես, որ գալու եմ։

Այս պաղպաղակի թղթի վրա ինչ է վրան գրված, գիտե՞ս (СССР պաղպաղակ է, Սովետի գերբով.- Ռ.Խ.)։

– Ռուսերե՞ն է, հա՛, սա գիտեմ։ Ակն ընդ ականի որոշ անդամներով երբ որ գնացինք Արտանիշ գյուղ, մի քանի հոգով գյուղում մի լքված տուն մտանք։ Պահարանի մեջ տարբեր հին բաներ, Լենինի նկարներ գտանք… Մի քանի հատ վերցրել եմ, որ մի բան սարքեմ։ Էդ սովետական ժամանակի սիմվոլները ինձ հետաքրքրում են։ Արդեն մոտ երեսուն տարի չկան էս թուղթերը, բացիկները, հնություն է, եզակի է։ Մարդիկ կան, որ չեն սիրում՝ էսպե՜ս, էնպե՜ս, բայց ինձ համար, որ մեջը չեմ եղել, էկզոտիկ բան է, այո՛։ Ամերիկյան մշակույթով, ամերիկյան պրոպագանդայով ենք ապրել, ու սա շատ էկզոտիկ է։

– Ամերիկյան պրոպագանդայով ապրածը պետք է որ ատեր Սովետական Միությունը։

– Ո՛չ… Ատելը ծայրահեղություն է։ Ուժեղ բառ է։ Ինձ համար չէ։

– Քեզ համար՝ չգիտեմ, բայց Ամերիկան Սովետը միշտ Ռուսաստանին է հավասարեցրել, հիմա էլ Ռուսաստանին է ատում։

– Հա՛։ Ինչքան մեծանում ես, հասկանում ես, թե աշխարհում ինչ է կատարվում, բայց ատելն ու սիրելը էդքան իրական չեն, ծայրահեղություններ են։

– Ակն ընդ ականի «Շրջափակված Արցախ» մրցույթին ինչպե՞ս որոշեցիր մասնակցել։

– Հովհաննես Իշխանյանը հարցրեց՝ կմասնակցե՞ս, ես էլ ասացի՝ հա՛։ Հիմա որ ստեղ եմ, ինչքան որ արվեստ կարող եմ սարքել, որպեսզի կյանքը դառնա ավելի լավը, ու եթե կարող եմ օգնել մի ձև, էդ ինձ համար շատ կարևոր է։

– Օգնել ու՞մ։ Արցախի՞ն, Հայաստանի՞ն, Ակն ընդ ականի՞ն։

– Եթե մի բառով՝ հայերին։

«Շրջափակված Արցախին» ներկայացրած գործերիցդ մեկը շատերը շատ հավանեցին, կգուշակե՞ս որը։

– Արցախը գրկա՞ծ։

– Այո՛։ Գիտեմ, որ հեղինակները չեն սիրում, երբ ասում ես բացատրի՛րԱմեն դեպքում, Արցախն ինչու՞ է գրկված։ Գուցե հիմար հարց եմ տալիս ստեղծագործական տեսանկյունից, բայց պատասխանն ուզում եմ լսել։

– Հիմար հարց չի։ Դա շատ ուժեղ գործ է, որովհետև սրտից է, ճիշտ ձևով է սարքած, բառ պետք չի, երբ որ մեկը նայում է էդ գործին, արդեն հասկանում է ասելիքը։ Ֆորման էլ է կատարյալ։ Ոնց ծնվեց գաղափարը. Ակն ընդ ականը հատուկ պատվիրեց, որ մրցութային մի տեքստ նկարազարդեմ, որում ասվում էր՝ Արցախում մարդիկ հրաժեշտ տալիս իրար գրկում են, որովհետև չգիտեն, թե հետո ինչ է լինելու…(Նանար Պողոսյանի տեքստն է. «Այստեղ օրը սկսվում է կրակոցներով: Իսկ Ա կետից Բ կետ գնալու համար գրկախառնվում են ընտանիքի անդամները»)։

– Իսկ ինչու՞ է Արցախը կապույտ։

– Ուզում էի սև ու սպիտակ անել սկզբում։ Որովհետև սև ու սպիտակը միշտ ամենաճիշտ ձևն է, երբ որ ուզում ես գույնով ուշադրություն չշեղել։ Բայց ուզեցի գունավոր անել։ Արցախը կա՛մ լինելու էր երկնքի գույնի՝  կապույտ, կա՛մ կանաչ։ Աշխարհի մարդկանց մեծ մասը կապույտ գույնն է սիրում՝ բա՞ց, թե մուգ։ Ասում են՝ եթե հարցնես, աշխարհի մարդկանց 60 տոկոսն է պատասխանում, թե կապույտն է իմ սիրած գույնը։Աչքի համար շատ հանգիստ է։ Էդ դիզայնը ինչ գույն լինի, աշխատելու է… Այո, բացի կարմիր գույնից, կարմիրը մի քիչ ագրեսիվ գույն է։

Իսկ գրկո՞ղն ով է։

– Բոլորս ենք։ Ինչպես գիտենք, մեր կառավարությունն արդեն մի քիչ կողքի է դրել Արցախի հարցը, և գրկող պետք է։ Եթե Հայաստանի կառավարությունը չլինի, ո՞վ պետք է լինի. մենք՝ հայերս։

Մենք՝ աշխարհի՞ հայությունը, թե՞ մենակ Հայաստանի։

– Չէ՛, բոլորս։

Օտարի գրկող ձեռքեր չե՞ն կարող լինել։

– Ո՛չ, որովհետև ռեալ պոլիտիկի դար է։ Մե՛նք պիտի գրկենք մեր Արցախը, մենք չանենք՝ ուրիշ ոչ ոք չի անի։

«Շրջափակված Արցախ»-ում Օշին Ռոստամիի մյուս աշխատանքները

Հարցազրույցը՝ Ռուզան Խաչատրյանի

Գլխանկարը՝ Արման Հարությունյանի