Ես վանեցի եմ։
Ջարդերի ժամանակ պապս` Հարություն Ղազարյանը, այրել է իր տունը, որ թուրքի բաժին չդառնա։ Իրեն հաջողվել է հասնել Արևելյան Հայաստան, իսկ քույրը՝ Անին ու մայրը մնացել են գաղթի ճանապարհին։ Պապս հասել է Էջմիածին ու հաստատվել այնտեղ։ Նա հավատում էր, որ մի օր լույսը բացվելու է ու ինքը իր տուն է վերադառնալու։ Պապս հավատում էր, որ իր թոռները ու ծոռները իր հողում են մեծանալու ու տեսնելու են չքնաղ Վանը, այն Վանը , որը 71 օր շարունակ պայքարում էր, իսկ վերջում տանուլ տվեցին։
Պապս հավատում էր, որ հայը կարևոր է էս աշխարհի համար։ Վստահ էր, որ աշխարհի տերերը մեր կողմից կլինեն ու թուրքն իր պատիժը կստանա։ Պապս վստահ էր, որ այս աշխարհին այսքան գիտնականներ տված ազգին չեն թողնի, որ սրի քաշեն։ Սակայն պապս տեսավ այդ մղձավանջը։
Վանեցիներ կային, որոնք ապրում էին նկուղներում։ Երբ հաց չկար, պապս իր ընկերների հետ թուրքական գնացքից մի քանի պարկ ցորեն էր գողանում ու բաժանում։ Նկուղները կպած էին իրար։ Ներսից կլոր անցքեր էին բացել, ու այդտեղից մեկը մյուսին մի փոքր ամանով ցորեն էին փոխանցում։
Արևմտյան Հայաստանից փախչելիս կամուրջների տակ տասնյակ գիշերներ թաքնվել են, մինչև հասել են Արևելյան Հայաստան։ Պապս շատ սկզբունքային մարդ էր, միշտ պայքարում էր իր ազատության համար։ Չորացած արյան սպիերը նրա անազատ կյանքի հիշողությունն էին․ պատմում էին, թե ով է, որտեղից է և ուր պիտի գնա։

Եթե պապս հիմա լիներ, հիմա էլ կհավատար, որ ամեն բան լավ է լինելու։ Պապս եթե տեսներ՝ ինչ եղավ Արցախի հետ, առաջինը կվերցներ զենքը ու կգնար սահման։ Պապիս բախտն ունեցածը կհասկանար, որ մեր սահմանը Սյունիքից չի սկսվում։
Պապս կպայքարեր ու կհաղթեր, որ մեզ նորից չփորձեին տեղահան, ցեղասպան անել։ Բայց այս անգամ պապս հաստատ չէր հավատա, որ աշխարհը մեզ կօգնի։
Ի վերջո, պապս հասկացել էր պետության ու հայրենիքի տարբերությունը։
Պապս հիմա վերևից նայում է ու ժպտում, քանի որ տեսնում է՝ ինչպես եմ մտածում։ Նա վստահ է, որ ես իր բնավորության գծերից վերցրել եմ, ու կպայքարեմ մեր հայրենիքի համար, մեր ծովից ծով Հայաստանի համար։ Պապս հավատում է, որ մի օր իմ սերունդը կկարողանա անել այն ինչը իրենց մոտ չստացվեց։ Ինքը հավատում է, որ մի օր ես իր ծոռների ձեռքը բռնած գնալու եմ Վան, գտնեմ մեր տունը, ու նորից կառուցեմ։
Էմմա Ղազարյան
Նկարազարդումը՝ Կարինե Արոյանի