Այս աշխատանքը ներկայացվել է Ակն ընդ ականի «Նախնիներս» մրցույթին

– Զար, AliExpress-ում Ֆաբրիկատորյանների գործվածքներից մի փոքր կտոր է վաճառվում, – տարիների առաջ ուշ երեկոյան Ֆեյսբուքով ինձ ասաց եղբայրս։

Նայեցինք, բայց չգնեցինք՝ չհասցրինք․ մինչև իրար պատմում էինք, թե ինչպես է մեր նախնիների պատմության մի մասը ճամփորդում աշխարհով մեկ այդ տասը սանտիմետր երկարությամբ կտորում, ընդամենը մի քանի ժամի ընթացքում մեկ ուրիշ գնորդ արդեն գնել էր։ Գուցե գնորդն էլ սերում էր Ֆաբրիկատորյանների այդ նշանավոր ընտանիքից։ Հաստատ չենք կարող իմանալ․ գերդաստանի մեծ պատմությունը Մեծ Եղեռնով մասնատվել է։

Ես Ֆաբրիակտորյան ազգանունը լսել եմ առաջին անգամ, երբ ճշտել եմ, թե ինչու են ինձ անվանել ոչ թե հորս մոր՝ Վարդուհու անունով,  ինչպես ընդունված է հայկական ընտանիքներում, այլ նրա տատի՝ Զարուհու։

Հայրս  պատմեց՝ ով է եղել Զարուհին․ ասաց՝ խելացի կին էր, գիտեր ոչ միայն հայերեն, այլև արաբերեն, թուրքերեն, հունարեն ու անգլերեն, որ նշանավոր տոհմի փրկված զավակ էր, որ իր հետ զրույցներում հաճախ է հիշել իր տունը, այգին, սպասավորներին, որոնք օտարականներ էին։

Հետո Զարուհու անունը կարդացի նաև մեր ընտանեկան գերեզմանատան տապանաքարին՝ Զարուհի Ահարոնի Ֆաբրիկատորյան, 1905- 1971, Խարբերդ – Արարատ։

Մի քանի տարի առաջ Չեխիայից Լենկան էր եկել՝ ընտանիքի մի բարեկամ, որ Հայաստանը հայերի չափ սիրում է։ Նա դրամահավաքներին իր վաստակած ոչ մեծ գումարներից միշտ բաժին է հանում Արցախի ու Հայաստանի համար։

Եկել էր, որ գնար Արևմտյան Հայաստան։ Գնացել էր նաև Խարբերդ՝ մեր արմատների հետևից։ Լենկան խճաքարեր էր բերել մեզ մեր գերդաստանին պատկանող տարածքներից։ Հայրս տարավ, դրեց մեծ տատի գերեզմանին։

Հին Մեզիրեում Ֆաբրիկատորյան եղբայրների հինգ տները, ասում են, դեռ ամուր կանգնած են հողին՝ այն հողին, որից պոկվել էին հինգ եղբայրների գերդաստանները։

Մամաս, Տիգրան, Սամվել, Կարապետ և Ահարոն Ֆաբրիկատորյանները Խարբերդի հարևանությամբ գտնվող Մեզիրե քաղաքում ունեին եվրոպական և ամերիկյան արդիական սարքավորումներով հագեցած տեքստիլ ֆաբրիկա։ 1915թ. հունիսին եղբայրները սպանվել են, նրանց տները յուրացվել են, ֆաբրիկան՝ պետականացվել։

Մերոնք պատմում էին նաև, որ Զարուհու հորն ու հորեղբայրներին սպանել են հենց նրա աչքի առաջ։ Հետո Զարուհին դարձել է գաղթական։

Տատը նրա ձեռքին դաջել է ազգությունը՝ «հայ», որ գաղթական հայուհին չմոռանա, թե որտեղից են արմատները, ու քանի որ գեղեցիկ աղջիկ էր, ցեխ է քսել փոքրիկ հայուհու դեմքին, որպեսզի նրան չկպչի ագահ թուրքի աչքը։  Ի վերջո, Զարուհին հայտնվել է ամերիկյան որբանոցում, այնտեղից էլ՝ մեկնել Բեյրութ։

Ֆաբրիկատորյան եղբայրները

Խարբերդցի Զարուհին կարինցի Վահանի հետ 1947 թվականին գալիս է նոր հայրենիք՝ Հայաստան։

Հայրս միշտ ասում էր՝ իրեն հայտնի է, որ մեծ գերդաստանից փրկվել է միայն իր տատը, բայց նոր դարն իր հետ բերեց նոր հնարավորություններ, կապեր, ու վայրկյանների ընթացքում փորձեցի ուղղել տարիների բացթողումը․ գտա Ահարոնի եղբայրների զավակներին, թոռներին ու ծոռներին՝ ԱՄՆ-ում, Ավստրալիայում, անգամ Երևանում՝ այսքան մոտ ու այսքան հեռու։

Ֆաբրիկատորյանների մասին տեղեկանալու համար նույնիսկ հարկավոր չէ արխիվների մեջ խորանալ․ շատուշատ մարդիկ են պատմում այս  տոհմի մասին, անգամ խարբերդցի Թոթովենցը չի շրջանցել «Ֆաբրիկատորներին» Բաց-կապույտ ծաղիկներ պատմվածքում․

«Ամեն մի կին, որը ձեռնարկում է իր հարազատին ամուսնացնելու, վերից է սկսում։ Թուրվանտա Քորոն էլ սկսեց վերից։ — Թորի՛կ, օղո՛ւլ, վաղը տերթամ ֆապրիկաթոռին միջնակ աղջիկը տուզիմ քըզի համար,— ասաց Թուրվանտա Քորոն»։

Հերթական անգամ, երբ գերդաստանիս հետքերով համացանցում փնտրուքների մեջ էի,  մի ողբերգական հուշագրություն կարդացի․ «Փայլածու Ֆաբրիկատորյանի հուշեր»-ն էին՝  ցեղասպանության սահմռկեցուցիչ նկարագրության դրվագներ՝ ջարդ, մորթ, բռնաբարություն, ցավ, խելագարեցնող անմարդկային տեսարաններ։

Այդ հուշագրի վերջում գրել է․ «Ամէն սիրելիներ կորսնցուցած, օտար քաղաքի մէջ թափառող այրի մը՝ Փայլածու Ֆապրիգաթորեան»-ը դիմում էր այն կարդացողներին․

«Անիծուած լինին այս կարդացող անձերը ցեղից ցեղ, որ վրէժ չլուծեն: Գուցէ համարեն մեզ խելագարներ կամ ոճրագործներ: Այն, որ մենք տեսանք, այն կեանքը, որ մենք ապրեցանք, չի կարող գտնուիլ մի մարդ, նոյնիսկ կմախքներէն, որ վրէժ չաղաղակէ: Կրկին կը կրկնիմ՝ անիծեալ ըլլայ ցեղից ցեղ»:

Այս կոչը դաջվել է իմ մտքում, սրտում, ինչպես փոքրիկ Զարուհու ձեռքի «հայ» դաջվածքը, որ գաղթի ճանապարհից նրան տուն հասցրեց։

Զարուհի Դիլանյան

Նկարազարդումը՝ Կարինե Արոյանի