Հորս պապը՝ պատմաբան-արևելագետ, հասարակական-քաղաքական գործիչ, հայ պարբերական մամուլի երաշխավոր, հրապարակախոս, բանաստեղծ, Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր Հովհաննես Հակոբյանը (իրական ազգանունը՝ Չորթանյան) ծնվել է 1876թ-ի օգոստոսի 16-ին, Արևմտյան Հայաստանի Վան քաղաքի Այգեստան թաղամասում:

Սկզբնական կրթությունը ստացել է Վանի Հայնկույսների (թաղամաս Վանում, խմբ․) դպրոցում: 1890-ականներին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: Նույն շրջանում Գևորգյան ճեմարանում սովորելիս է լինում Կոմիտասը. նրանք ընկերանում են: Սովետական մամուլից մի հին թերթի նմուշ կա մեր տանը, որտեղ գրված է, որ Հովհաննեսը հաճախ սրտառուչ պահեր էր հիշում, թե ինչպես Պոլսում իրենց եռյակը՝ ինքը, անմահ Կոմիտասը և հայրենասեր նկարիչ Փանոս Թերլեմեզյանը հաճախ էին զրուցում իրենց հուզող ու տանջող հայ ժողովրդի ճակատագրի մասին: Մեր ժողովրդի ծանր օրերին նրանք զգում էին, որ հայ մտավորականները հանդիպելու են դաժանությունների: Բոլորս գիտենք, թե ինչպես է Կոմիտասը դառնում թուրքական անմարդկային վայրագությունների զոհն ու ականատեսը ու ողջ մնում: Իսկ նախապապս այդ բարդ ժամանակահատվածում բնակվում էր Թիֆլիսում և զբաղվում էր հայ գաղթականների տեղավորման և նյութական աջակցության գործով:

Հետագայում՝ Եղեռնը վերապրելուց շատ տարիներ անց, նրանք նորից են հանդիպել: Հայ վիպասան Զապել Եսայանի օրագրային հուշերում հիշատակվում է, որ Չորթանանց Օհաննեսի և գեղեցկուհի Նոյեմիի հարսանիքին ներկա էր նաև Կոմիտասը: Հյուրերը խնդրում էին, որ նվագի, հրաժարվում էր: Երկար համոզելուց հետո նստում է դաշնամուրի առաջ ու հնչեցնում իր հայտնի գործերից մեկը: Ասում են՝ այդ օրը Կոմիտասը և՛ ուրախ էր ընկերոջ համար, և՛, միևնույն ժամանակ, անասելի տխուր:

Նախապապիս մասին շատ մանրամասն հիշատակումներ կան Գուրգեն Մահարու«Երիտասարդության սեմին» (1958թ.) վեպի մեջ, որտեղ Մահարին և Հովհաննես Հակոբյանը հանդես են գալիս հենց իրենց անուններով և իրական կյանքում ապրված դրվագներով ու երկխոսություններով:

Իսկ իր մտերիմ ընկեր Փանոս Թերլեմեզյանը պատկերել է նրան կտավի վրա, այդ դիմանկարի հին լուսանկարն է այս: Կտավը մինչ օրս պահպանվել է, բայց չի պատկանում մեր ընտանիքին (պապս՝ Շահեն Հակոբյանը, այն կտակել է իր երկրորդ կնոջը, որից զավակներ չի ունեցել):

Ստորև Ազգ օրաթերթի՝ պատմաբան Ստեփան Ղարիբջանյանի 1997թ․-ի հոդվածից մի հատված է․

«…Գևորգյան ճեմարանը ավարտելուց հետո Հ.Հակոբյանը 1897թ․-ին Թիֆլիսում աշխատակցել է «Արձագանք» և «Մշակ» թերթերին: Ապա մեկնել է Միացյալ Նահանգներ, ընդունվել և գերազանց գնահատականներով ավարտել Վիսկոնսինի համալսարանի պատմագրական ֆակուլտետը, 1905թ. պաշտպանել է «Հայերի և ֆրանկների հարաբերությունները Լևոն II-ի իշխանության օրոք 1186-1219թթ.» թեմայով ատենախոսությունը, որը տպագրվել է Բոստոնում լույս տեսնող «Արմենիա» հանդեսի նույն թվի փետրվար-մարտ միացյալ համարում (այս համարից մեկ օրինակ կա պահպանված մեր տանը):

Հայերի և ֆրանկների հարաբերությունները Լևոն II-ի իշխանության օրոք 1186-1219թթ.

Նրան շնորհվել է գիտական աստիճան և պրոֆեսորի կոչում: Նյու Յորքում խմբագրել է «Արաքս» պարբերականը, որի էջերում հանդես է եկել պատմաբանասիրական հոդվածներով, պատմվածքներով և բանաստեղծություններով: Վերջիններս լույս են տեսել Վարդ Շահենի ծածկանվամբ՝ ի հիշատակ Վանի ինքնապաշտպանության ժամանակ զոհված եղբոր՝ Շահենի, որին թուրքական իշխանությունները Շաքիր աղայի դեմ մահափորձ կազմակերպելու համար ձերբակալել ու մահապատժի էին ենթարկել: Դեռևս ուսանողական տարիներից Հովհաննես Հակոբյանը կյանքի նպատակ է դարձնում հայ ժողովրդի ազատագրության գաղափարը և հետևողականորեն պայքարում դրա իրականացման ուղղութամբ: 1908թ. անդամագրվում է Արմենական կուսակցությանը, թղթակցում «Արմենիա» թերթին:

Անդրադառնալով կուսակցությունների գոյությանը՝ Հակոբյանը նշում էր, որ «կուսակցությունները պետք է որ ապրին, քանի որ գաղափարի ու մտածումի միօրինակությունն անկարելի է, և չէ եղած պատմական շրջան մը, ու չի կրնար ըլլալ օր մը, որ մարդիկ մեկ տեսակ մտածեն»: Միաժամանակ գտնում էր, որ հայերի ինքնապաշտպանության ու ազատագրության հարցերի լուծումը կհեշտանա այն դեպքում, երբ տարբեր կուսակցությունները թողնեն իրար դեմ մղվող պայքարը և գործեն միասնաբար:

1906թ. ապրիլի 15-ին Հ. Հակոբյանը նշանակվում է Կահիրեում հիմնադրված Հայկական բարեգործական ընդհանուր միության առաջին կենտրոնական վարչական ժողովի 10 անդամներից մեկը: 1908թ-ին, որպես ամերիկյան թերթերի թղթակից, Թուրքիայում ծավալում է բեղմնավոր գրական-հրապարակախոսական գործունեություն, աշխատակցում է Կոստանդնուպոլսի Պոլսի «Վերջին լուր», «Ժամանակ» օրաթերթերին: 1911-12թթ. եղել է Կարինի Սանասարյան վարժարանի տեսուչ: Այնուհետև մեկնում է Ռումինիա, հետո՝ Ռուսաստան, Հյուսիսային Կովկասում զբաղվում է հայ գաղթականների տեղավորման և օգնություն կազմակերպելու հարցերով:

Որոշ ժամանակ բնակվելով Թիֆլիսում՝ նա ուսումնասիրում է թուրք-գերմանական հարաբերությունների վերաբերյալ փաստաթղթեր և նյութեր, հրատարակում երկու գիրք՝ «Գերման դավը Կովկասի մեջ» (1917թ.), «Թուրքիան՝ գերման ճանկերուն մեջ» (1918թ.):

1918թ. դեկտեմբերից մինչև 1920թ. մայիսը Հակոբյանը կրկին ապրում է Պոլսում, աշխատակցում «Բյուզանդիոն» թերթին, խմբագրում Հայ ռամկավար կուսակցության կենտրոնական խորհրդի օրգան «Ժողովրդի ձայնը» թերթը, ապա տեղափոխվում է Կահիրե և վեց տարի աշխատում «Արև» թերթի խմբագրապետ:

1927թ. նոյեմբերի վերջին Խորհրդային Հայաստանի կառավարության հրավերով Հակոբյանը ընտանիքով գալիս է Երևան, ամբողջովին նվիրվում հայրենիքի մշակութային ու գիտական զարգացման աշխատանքներին։

Հովհաննես Հակոբյանն ընտանիքի հետ՝ Հայաստան գալու ճանապարհին

1927թ․ Խորհրդային Հայաստանի հրավերով Հովհաննես Հակոբյանը ընտանիքով տեղափոխվում է Երևան։ Լուսանկարն արված է ճանապարհին, խորհրդային նավահանգիստներից մեկում։

1928թ․-ից մինչև իր կյանքի ողբերգական ավարտը, նա Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր էր, դասախոսում էր Մերձավոր Արևելքի պատմություն, միաժամանակ վարելով «Մելգոնյան ֆոնդի» պատասխանատու քարտուղարի պաշտոնը:

Մոտ տասը տարի պրոֆ. Հակոբյանը ծավալեց բեղմնավոր մանկավարժական, գիտահետազոտական, հասարակական և հրատարակչական գործունեություն, մեծ ջանքեր գործադրեց կարևոր օջախներ կազմակերպելու ուղղությամբ:  Նրա նախաձեռնությամբ և «Մելգոնյան ֆոնդի» միջոցներով են կառուցվել Ալեքսանդր Մյասնիկյանի անվան հանրային գրադարանի շենքը (որտեղ տեղավորվում էր նաև Մատենադարանը), Երևանի համալսարանի աստղադիտարանը, տպարանն ու հրատարակչությունը, արտասահմանից Հայաստան են բերվել բազմաթիվ ձեռագրերի հավաքածուներ:

Հովհաննես Հակոբյանը մտադիր էր «Աղբյուրներ Հայաստանի և Անդրկովկասի պատմության» ընդհանուր խորագրով հրատարակել բնագրերից իր թարգմանած ու կազմած, փաստական հարուստ նյութ պարունակող «Ուղեգրություններ»-ի 10 ստվար հատոր, որոնք ընդգրկելու էին XIII-XIX դարերի օտարազգի ճանապարհորդների տպավորությունները Հայաստանի և հայ ժողովրդի մասին:

Լույս ընծայվեցին այդ բազմահատորյակի միայն Ա.(1932թ.) ու Զ.(1934թ.) հատորները: Հակոբյանը տպագրության էր պատրաստել «Ուղեգրություններ»-ի մեկ հատոր ևս, ինչպես նաև «Մերձավոր Արևելքի պատմության» բուհական դասագիրքը, որոնք հեղինակի ձերբակալություից հետո անհետ կորան: 1937թ. հունիսի 26-ին ՀԽՍՀ ներքին գործերի ժողկոմատի աշխատակիցները ձերբակալեցին Հովհաննես Հակոբյանին: Նախաքննությամբ և դատաքննությամբ «հաստատվեց», որ նա «1908թ․-ին եղել է բուրժուական հակահեղափոխական «Ռամկավար» կուսակցության անդամ, իսկ 1909թ․-ին միաժամանակ անգլիական հետախուզության գործակալ: 1927թ․-ին Հակոբյանին ուղարկվել են ԽՍՀՄ և մինչև իր ձերբակալումը զբաղվել լրտեսությամբ»:

 1938թ. հուլիսի 18-ին Հովհաննես Հակոբյանին դատապարտեցին գնդակահարության՝ անձնական գույքի բռնագրավմամբ:

1956թ. ապրիլի 28-ին Հակոբյանի քննչական գործը վերանայվեց, և հանցակազմի բացակայության պատճառով նա լիովին արդարացվեց:

Հովհաննես Հակոբյան

ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության արխիվի կարճած գործերի ֆոնդում պահվում են նրա մասին գրված բազմաթիվ ականավոր գործիչների վկայություններ, որոնցում Հովհաննես Հակոբյանը բնութագրվում է իբրև վերին աստիճանի ազնիվ, բարեխիղճ, եռանդուն, հայրենասեր անձնավորություն: Ահա այդ վկայություններից մեկը.

«Մեզ խորին ցավ պատճառեց անարդար կերպով նրան հասած դժբախտությունը. մեր կուլտուրայի մշակների թանկ կորուստներից մեկը եղավ նա՝ ոճրագործների անմեղ զոհ»,- Ավետիք Իսահակյան, 1956թ., 6 հոկտեմբերի, ՀՀ ՆԳ և ԱԱ նախարարության արխիվ, ԿԳՖ, գ. 2533, թ. 108-109:

Այսպիսով, նախապապիկս դառնում է Ստալինյան բռնաճնշումների անմեղ զոհ։

Ստացվում է՝ Հովհաննես Հակոբյանին հրավիրեցին, օգտագործեցին նրա ողջ մտավոր և ֆիզիկական ներուժը, հետո՝ սպանեցին, խլեցին ու փաստացի ոչնչացրին նրա ստեղծած համարյա բոլոր աշխատությունները և նրա ազգանվեր գործունեության շատ աշխատանքներ:

Բայց եթե նա ընտանիքով Եգիպտոսից չվերադառնար Հայաստան, իր տղան՝ պապիկս, չէր հանդիպի տատիկիս, հետևաբար տարիներ անց չէին ծնվի նրա թոռները, հետո նաև՝ ծոռները, որոնց թվում ես եմ, որ հիմա գրում եմ էս տողերը և շատ եմ ուզում, որ իմ սերունդները ևս հայկական հողի վրա ապրեն և ինքնիշխան երկիր ունենան:

Վերջերս պատահաբար գտնվեց նաև նախատատիկիս՝ Հակոբյան Նոյեմիի նամակը խորհրդային իշխանություններին, որը ներկայացնում եմ առանց թարգմանության, որպեսզի հնարավորինս հավաստի փոխանցեմ նախատատիկիս ապրումները:

Նոյեմի Հակոբյան

Այս նամակը ժամանակի մեքենայի նման ինձ տեղափոխեց ճակատագրական 1937 թվական, առաջին անգամ ընթերցելիս ցավը խեղդեց կոկորդս, կարծես մի շատ դրամատիկ ֆիլմի ավարտ էի նայում, որի գլխավոր հերոսը մի երկար, բայց հարազատ շղթայով կապված է ինձ:

Заявление Акопян Ноеми Миграновны в органы НКВД

проживающей в г.Ереване АрмССР по проспекту Микояна, № 45, кв.20

“26 июня 1937 г. был арестован органами НКВД АрмССР мой муж – профессор Ереванского госуниверситета и заведующий научно-армяноведческим издательством «Мелконян фонд», – Акопян Ованес Акопович, 1876 г. рождения.

При обыске были отобраны все научные его труды в рукописях, переписка и документы мужа в девяти (9) свертках. Со дня ареста О.Акопяна ни я, ни мой сын не видели его и до сих пор нам неизвестна его судьба. Неизвестны нам также и основания его ареста.

Настоящим прошу Вас:

  • 1) Вернуть нам все отобранные при обыске и, в особенности, рукописные работы и документы моего мужа, в том числе – большая рукописная работа: «История народов Востока», а также том 3 – «Армения и армяне по свидетельствам иностранных путешественников», 1 и 4 тома которой были давно напечатаны. Эти научные работы имеют для нас научно-важное значение, а для армянской науки – большую научную ценность.
  • 2) Сообщить нам о судьбе мужа моего Ованеса Акопяна, жив ли он, и если жив, где он обретается.
  • 3) Расследовать дело моего мужа и по результатам следствия пересмотреть и реабилитировать его. Муж мой – сын труженика, сам работник умственного труда, всю свою сознательную жизнь посвятил служению армянскому народу. Со дня установления Советской власти в Армении он свое перо публициста и ученого отдал ответственному делу защиты и популяризации Советской власти в армянских зарубежных колониях…

По приглашению Советского правительства Ованес Акопян приехал в Армению (1927 г.) и обосновался в Ереване, где он жил и работал безвыездно вплоть до дня ареста. Он самоотверженно и честно работал в качестве профессора кафедры «История Ближнего Востока», был основателем и руководителем арменоведческого научного издательства «Мелконян фонд», на средства которого сумел построить здание Публичной библиотеки, организовал большую ценную типографию, участвовал в организации-централизации знаменитого Матенадарана, пользующегося всемирной известностью…

Пересмотр дела мужа моего Ованеса Акопяна не только вопрос чести и достоинства моего и нашего единственного сына, но и наша единственная надежда на полную моральную реабилитацию его имени и нашего.”* (թարգմանությունը ստորև, խմբ․)

Հովհաննես Հակոբյանի որդին՝ Շահեն Հակոբյանը, հոր բռնադատումից հետո հայտարարվում է դավաճանի որդի և Երկրորդ աշխարհամարտի ժամանակ՝ 1941 թ-ին,  ուղարկվում տուգանային գումարտակ (штрафной батальон): Հրաշքով ողջ է մնում, 1943-ին վերադառնում Հայաստան, իսկ 1951-ին՝ ավարտում Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը՝ դառնալով բեմանկարիչ:

Պապս ավելի քան 150 բեմանկարչական և հեռուստատեսային աշխատանքների հեղինակ է, եղել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության առաջին գլխավոր նկարիչը և 40 տարի ղեկավարել է հեռուստատեսության գեղարվեստական ձևավորման բաժինը: 1945-1953 թթ. ղեկավարել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նկարչական դեկորատիվ աշխատանքները։ Այնուհետև աշխատել է հանրապետության տարբեր թատրոններում: 1965թ․-ին թատերային և հեռուստատեսության նկարչության բնագավառում կատարած ծառայությունների համար արժանացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարչի պատվավոր կոչման:

ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Շահեն Հակոբյան

Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում աշխատելիս պապս ծանոթանում է տատիկիս՝ բալետի պարուհի Իրինա Գևորգյանի հետ, ում հայրը՝ թիֆլիսահայ ազնվական, ռուսական բանակի սպա Տիգրան Գևորգյանը նույնպես դարձել էր 1937թ․-ի ստալինյան բռնաճնշումների զոհ: 1957թ․-ին նա նույնպես հետմահու արդարացվել է:

Պապիկիս ու տատիկիս մտերմացնում է իրենց հայրերի ողբերգական ճակատագրերի նմանությունը: Սիրահարվում են, ամուսնանում, ունենում են երկու զավակ, մի որոշ ժամանակ անց էլ՝ բաժանվում:

Առաջնեկը՝  հորեղբայրս՝ Արա Հակոբյանը, 45 տարի աշխատել է Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում՝ որպես դերասան, խաղացել անթիվ-անհամար ներկայացումներում: 2012թ-ին արժանացել է Մովսես Խորենացի մեդալի:

Հայրս՝ Հովհաննես Հակոբյանը, ինժեներ է: Խորհրդային միության փլուզումից հետո Երևանի գիտահետազոտական ինստիտուտները փակվեցին: Հայրս այլևս չէր կարող իր մասնագիտությամբ զբաղվել: Ընդունվեց Ոսկերչական գործարան, դարձավ ոսկերիչ: Այժմ դասավանդում է Երևանի արհեստագործական պետական ուսումնարանում:

1990-ականներին, մութ ու ցուրտ տարիներին շատերն էին լքում երկիրը, բայց ծնողներս որոշեցին մնալ: Մի ուրիշ սիրով էին սիրում ու մինչև հիմա էլ սիրում են Հայաստանը: Արցախյան առաջին պատերազմի հաղթանակը նրանց ավելի պարտավորեցրեց մնալ ու դիմանալ բոլոր դժվարություններին, իսկ դրանք քիչ չէին:

Մեր ընտանիքի ազգային գիտակցությունը շատ բացատրելի կապ ունի նախապապիկիս ապրած կյանքի ու գաղափարախոսության հետ:

Հիմա շատ բարդ շրջան է մեր ժողովրդի համար: Մեծ ողբերգություն ապրեցինք: Հազարավոր զոհեր ունեցանք, շատ տղաներ անհետ կորան կամ գերի ընկան, կամ հաշմանդամ դարձան: Չմոռանանք նաև կռված, նահատակված կամ գերի ընկած կանանց, զոհված մի քանի երեխաներին ու տարեցներին: Հազարավոր արցախցիներ անտուն մնացին: Արյամբ ազատագրված հողեր տրվեցին: Ոչ թե պարտվեցինք, այլ դավաճանվեցինք: Փաստացի նոր ցեղասպանություն տեղի ունեցավ, և 21-րդ դարի առաջադեմ մարդկությունը սահմանափակվեց երկկողմանի խաղաղության կոչերով, այնինչ պատերազմում հարձակվողը մեկն է: Ամեն կերպ տրորվեցին ու շարունակվում են տրորվել մեր քաղաքացիների իրավունքները:

Մեր երկրի ու ժողովրդի գոյության պայքարը բարդ է լինելու, արդեն շատ դժվար է որևէ ապագա պատկերացնելը: Բայց ես մի անտրամաբանական վստահություն ունեմ, որ ներքին ու արտաքին թշնամիները պատժվելու են, արդարությունը չի ուշանալու: Թուրքիան տանուլ է տալու իր բոլոր ծրագրերում: Իսկ Հայաստան անունը միշտ մնալու է աշխարհի քարտեզների վրա:

Վերջերս հաճախ եմ մտածում, թե ինչ էր մտածում նախապապս, երբ 1937թ․-ի հուլիսի 18-ին նրան դատապարտեցին գնդակահարության: Մահից րոպեներ առաջ ի՞նչ է զգացել: Եվ, ի վերջո, ինչպե՞ս ու որտե՞ղ է մահացել: Այդ հարցերը մնում են անպատասխան:

Իր անցած ողջ ճանապարհը Հայաստանի հանդեպ սիրո մարմնացումն է: Իսկ ես, քանի որ կինոկրթություն ունեմ, պիտի ամեն կերպ միջոցներ գտնեմ՝ Հովհաննես Հակոբյանի կյանքի ու գործունեության մասին խաղարկային կամ վավերագրական ֆիլմ նկարելու համար: Գոնե այդպես ճանաչելի կդարձնեմ այն հայրենանվեր մարդուն, ում բոլորը, ցավոք, մոռացել են: 

Անի Հակոբյան (Չորթանյան)
Շապիկի ձևավորումը՝ Կարինե Արոյանի

*
Նոյեմի Հակոբյանի դիմումի թարգմանությունը՝

Նոյեմի Միհրանի Հակոբյանի դիմումը Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատ (ՆԳԺԿ)

Բնակվում է ՀԽՍՀ, ք․ Երևան, Միկոյանի պողոտա, 45 շենք, բն․ 20

«1937թ․ հունիսի 26-ին ՀԽՍՀ ՆԳԺԿ-ն ձերբակալել է իմ ամուսնուն՝ Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր և հայագիտական «Մելգոնյան ֆոնդ» հրատարակչության ղեկավար Հովհաննես Հակոբյանին, ծնված՝ 1876թ։

Խուզարկության ժամանակ առգրավվել է նրա գիտական ձեռագիր բոլոր աշխատանքները, ամուսնուս նամակագրություններն ու փաստաթղթերը ինը (9) փաթեթով։ Հ․ Հակոբյանի ձերբակալությունից մինչ այսօր ոչ ես, ոչ տղաս չենք տեսել նրան ու մինչև հիմա նրա ճակատագիրը մեզ հայտնի չէ։ Մեզ հայտնի չէ նաև նրան ձերբակալելու հիմքերը։

Սույնով խնդրում եմ Ձեզ՝

  1. Վերադարձնել խուզարկության ժամանակ առգրավված բոլոր իրերը, հատկապես ձեռագիր աշխատություններն ու ամուսնուս փաստաթղթերը, այդ թվում՝ մեծածավալ ձեռագիր աշխատանքը՝ «Արևելյան ժողովուրդների պատմությունը», ինչպես նաև «Հայաստանը և հայերը՝ օտարերկրյա ճամփորդների աչքերով» աշխատության 3-րդ հատորը, առաջին և 4-րդ հատորները, որոնք վաղուց տպագրվել են։ Այս գիտական աշխատությունները գիտական կարևոր նշանակություն ունեն մեզ համար, իսկ հայկական գիտության համար այն գիտական մեծ արժեք է։
  2. Տեղեկացնել մեզ ամուսնուս՝ Հովհաննես Հակոբյանի ճակատագրի մասին։ Արդյոք նա ողջ է և եթե ողջ է, ապա որտեղ է գտնվում։
  3.  Հետաքննել ամուսնուս գործը և հետաքննության արդյունքի հիման վրա վերանայել գործն ու արդարացնել նրան։ Իմ ամուսինը աշխատավորի որդի է, ինքն էլ մտավոր աշխատանքի մարդ է։ Հայաստանում Խորհրդային կարգերի հաստատման օրից նա հրապարակախոսի և գիտնականի իր գրիչը նվիրել է արտերկրի հայկական գաղթօջախներում Խորհրդային իշխանության պաշտպանության և մասսայականացման պատասխանատու գործին…

Խորհրդային իշխանության հրավերով Հովհաննես Հակոբյանը եկել է Հայաստան (1927թ․) և հաստատվել է Երևանում, որտեղ նա ապրել ու անդադար աշխատել է մինչև ձերբակալման օրը։  Նա անձնուրաց և ազնվորեն աշխատել է որպես Միջին Արևելքի պատմության ամբիոնի պրոֆեսոր, նա հիմնել և ղեկավարել է հայագիտական գիտահրատարակչության «Մելգոնյան ֆոնդ»-ը, մեծ արժեքավոր տպարան, որի միջոցներով կարողացել է կառուցել Հանրային գրադարանի շենքը, ստեղծել է մեծ ու արժեքավոր տպարանի ստեղծման աշխատանքն է կազմակերպել, մասնակցել է հայտնի, համաշխարհային համբավ ունեցող Մատենադարանի ապակենտրոնացման աշխատանքներին․․․

Ամուսնուս՝ Հովհաննես Հակոբյանի գործի վերանայում միայն իմ ու մեր միակ որդու պատվի ու արժանապատվության հարցը չէ, այլ իր և մեր անվան բարի համբավը վերականգնելու մեր միակ հույսը»։