Բանավոր զրույցներում նա Խենթ Հակոբն է. պատմում են, որ 1804-13թթ․ ռուս-պարսկական պատերազմի ժամանակ նա այնպես է մխրճվել թշնամու զորքերի մեջ, այնպիսի անհավանական սխրանքներ է գործել, որ տեսնողները բացականչել  են՝ խենթ է։

Հակոբը հայ ազատագրական շարժման գործիչ, արքեպիսկոպոս Գրիգոր Մանուչարյանցի՝ Ղազախի և Շամշադինի երիտասարդներից կազմած 500 հոգանոց աշխարհազորում հրամանատար էր։ Խենթ Հակոբը մասնակցել է նաև Շամշադինի հայ գյուղացիներին խաների ու բեկերի բռնություններից, ճնշումներից ազատելու պայքարին, մինչև որ նրանք պետական գյուղացու կարգավիճակ են ստացել։ 

Չորս եղբայրների՝ Խենթ Հակոբի, Պողոսի, Վարդանի և Հարությունի շիրիմները Շամշադինի Նորաշեն գյուղի հին գերեզմանատանն են։ Չորս եղբայրները սերում են քահանա Սարգսից, որի մարմինն ամփոփվել է Նորաշեն գյուղի եկեղեցու (սովետական տարիներին դարձել է պահեստ, հետո՝ հիմնովին քանդվել) բակում։

Սարգիս քահանան ու Խենթ Հակոբը համարվում են Փայտյանների նախահայրերը, իսկ տոհմի արմատները, ըստ ուսումնասիրությունների, հասնում են մինչև Արշակունիների դինաստիա։

Ըստ ուսումնասիրությունների՝ Փայտյանները Արշակունիների ժառանգներն են, որոնք Մեծ Հայքի 11-րդ՝ Փայտակարան նահանգում ապրել են մինչև 18-րդ դարի կեսերը, մինչև որ  Փայտակարանում ձևավորվել են Թալիշի և Ղարադաղի խանությունները։

1813 թվականի Գյուլիստանի պայմանագրով Փայտակարանի արևելյան մասն անցել է Ռուսաստանին, իսկ արևմտյան հատվածը՝ մնացել Պարսկաստանի տիրապետության տակ։ Խենթ Հակոբն իր հայրենիքը պարսիկներից ազատագրելու համար է պայքարել՝ հույս ունենալով, որ կվերադառնա Ղարադաղ, որտեղից Փայտյանները ստիպված են եղել արտագաղթել Փայտակարանի հարևան Արցախի նահանգ։ Սակայն քանի որ Գյուլիստանի պայմանագիրը վավերացրել էր Ղարադաղի բռնակցումը Պարսկաստանին, Փայտյանների մի ճյուղը մնացել է Արցախում, իսկ մյուսը՝ տեղափոխվել հարևան Ուտիք նահանգ։ Այսպիսով, Փայտյան տոհմը շարունակվել է երկու ճյուղով՝ արցախյան և շամշադինյան։

 
Արցախյան ճյուղը  շատ սերունդներ չի տվել ու չի տարածվել. շամշադինյանը, բարեբախտաբար, ավելի բեղուն է, և արդեն մեկ դարից ավելի հաստատվել է Տավուշի (Շամշադինի շրջանի) Նորաշեն գյուղում։

Հայտնի է, որ Փայտյանները, մինչև Նորաշենում հաստատվելը, ապրել են Ղազախի շրջանի Ալիբեյլի բնակավայրում, որը 19-րդ դարի վերջին հայաթափվել է, քանի որ թյուրքական ցեղերը եկել են այդտեղ ու նստակեցության անցել։

Ռուսական կայսրության ժամանակ Ալիբեյլին պատկանել է Ելիզավետպոլի նահանգին, եղել հայաբնակ գյուղ։ Նորաշենցիները պատմում են, որ 1800-ականների վերջերին այն հողատարածքները, որոնք իրենց են պատկանել ու որտեղ հիմնականում ապրելիս են եղել գյուղի մի քանի տարիքով մարդիկ փոխանակել են մեկ-երկու փութ աղի հետ, ինչի դիմաց այդ տարածքները լքել են, իսկ բնակիչները, որոնց համար այժմվա Նորաշենի տարածքը եղել է ուղղակի յայլա, որտեղ իրենք անասուններ են պահել, դարձել է մշտական բնակության վայր, ու այդտեղ հիմնվել է Նորաշեն գյուղը։ Իսկ մեկ-երկու փութ աղի հետ փոխանակված  հայկական Ալիբեյլի բնակավայրն անցել է Ադրբեջանին։

Նորաշենում ու Նորաշենից դուրս՝ յուրաքանչյուր Փայտյանի հարկի տակ, իր պատվավոր տեղն ունի Փայտյանների տոհմածառը։ Հաստ բնի վրա գրված է՝ քահանա Փայտյան Սարգիս, բնից սկիզբ առնող ճյուղերին՝ Խենթ Հակոբ, Պողոս, Վարդան, Հարություն, իսկ շարունակությունը մինչև մեր օրերը ձգվող առատ ճյուղերն են, որոնց տերևներին խորհրդանշաբար գրված է աղջիկ ժառանգների անունները։ Աղջիկները Փայտյան ազգանունը չեն փոխանցում իրենց երեխաներին, իրենք անձնական փաստաթղթերում Փայտյան ազգանվան շարունակողները չեն, սակայն գենը, տոհմի նկարագիրը, տեսակը կրողն ու փոխանցողն են հավասարապես։

Փայտյանների տոհմածառը

Փայտյանները նույնիսկ կատակում են՝ եթե Աֆրիկայում էլ Փայտյանի հանդիպեք, ուրեմն իմացեք՝ արմատներով Շամշադինի Նորաշեն գյուղից է։

Նորաշենում Փայտյան տոհմին ասում են Փետունք, օրինակ՝ Փետունց Վալտեր, Փետունց Վազգեն…

Նորաշենում իմ պապին գիտեն՝ Փետունց Ժորիկ կամ Հաթամանց Ժորիկ։

Շամշադինում  տոհմիկ գերդաստաններին ճանաչում են ոչ թե ազգանուններով, այլ գերդաստանի մեծի՝  քոթուկի անունով։

Հաթամը հորս պապն էր, Ժորիկի հայրը։

Հետաքրքիր է, որ Փայտյաններն իրենց ազգանունը պահպանել են ի հիշատակ իրենց բնօրրանի՝ Փայտակարան նահանգի անվան, բայց Փայտյանները, որպես կանոն, մեծ սեր ունեն փայտագործության հետ։ Նրանք ինչ ասես կարող են կերտել փայտից։ Հորս պապ Հաթամը, որ, ասում են, մի ոչխարը միանգամից ու մեն-մենակ կուտեր, երկու մետր հասակով, թավ, սև հոնքերով, խոժոռ դեմքով, հաղթանդամ ու անչափ բարի մարդ էր։ Կարող էր փայտից խոսող ձուկ, հունձ անող մարդ կերտել։։

Ոչ միայն Նորաշենում, այլև Շամշադինի բոլոր գյուղերում չկա մի տուն, որ Հաթամի պատրաստած տակառը, խնոցին, կահույքը, կամ գոնե մի շերեփ չունենա։ Հաթամի դուռն էին գալիս նաև ադրբեջանցի դոստերը՝ նրան զանազան ապրանքներ պատվիրելու, որովհետև Հաթամի սարքած փայտե առարկաները տան անդամի պես էին դառնում՝ երկար ծառայող, ամուր ու հարազատ։

Հաթամի կինը, այսինքն՝ հորս տատ Յասամանը, հակառակ ամուսնու՝ փոքրամարմին, ճերմակ, թափանցիկ մաշկով, մանրաքայլ կին էր։ Յասամանն էլ էր Շամշադինից, բայց հարևան՝ Մովսես գյուղից։

Մեր գերդաստանում բոլորս Հաթամին ապի էինք ասում, իսկ Յասամանին՝ նանի։

Հաթամն էլ, Յասամանն էլ ծանր մանկություն էին ունեցել, իրար գտել, ամուսնացել, ընտանիք կազմել, 3 որդի ունեցել։

Հաթամի հայր Մովսեսը 8 որդի ու 4 դուստր էր ունեցել, հիմնվել Նորաշեն գյուղում, այնտեղ տուն սարքել, հետո որդիներն էլ իրենց ընտանիքն էին ունեցել, առանձնացել։

Յասամանը հարուստ ընտանիքից էր, այնքան հարուստ, որ նրա կալվածատեր հորը սպանել էին։ Մայրը Յասամանին առել, եկել էր Նորաշեն, նորից ամուսնացել։ Յասամանի Արշակ եղբայրը պատերազմից հետ չէր եկել։ Նանն արդեն հսկա գերդաստանի տեր, ծոռնատեր կին էր, բայց ասում էր՝ ես որբ եմ, հորս ու եղբորս սպանել են։

Հաթամ ապուս Լևոն եղբորն էլ ադրբեջանցիներն էին սպանել։ Մի թուրք Հաթամի մյուս եղբոր՝ Սանթուրի հետ թշնամի է եղել։ Լևոնին նմանեցրել է Սանթուրին ու սպանել։ Բայց Սանթուրը ջահել եղբոր վրեժը հանել է, մարդասպան թուրքին ու նրա կնոջը իրենց տան մեջ սպանել։

Շամշադինցիները ադրբեջանցի չեն ասում, ու երբեք էլ  չեն ասել, ասել են՝ թուրք, իսկ Ադրբեջանին՝ Թուրքեր։ Ի դեպ, Շամշադինը այն քիչ շրջաններից է եղել, որտեղ ոչ մի ադրբեջանցի չի ապրել։

«Դենի վախտերին Թուրքերիցը մաշինով խիյար-պամիդոր պիրինք, մտներիդ ա՞։ Բայց եդով տեսանք, վեր մեր բախճըմն էլ ա խիյար-պամիդոր ըլեմ, էն ա վեր կոլխոզն ու թութունը հիլ չանին, վեր մեր բաղերը բեջարենք»։

Բարբառը «թարգմանեմ». «Հեռու (Սովետի) ժամանակներում Ադրբեջանից մեքենայով վարունգ-պոմիդոր էինք բերում, հիշո՞ւմ եք։ Բայց հետո տեսանք, որ մեր հողամասերում էլ է վարունգ-պոմիդոր աճում, ուղղակի կոլխոզն ու ծխախոտը չէին թողնում, որ մեր հողերը մշակենք»։

Իմ ապու մեծ որդին իմ պապ Ժորիկն է, կոլխոզի բրիգադիրը՝ խստաբարո, պահանջկոտ, արդարամիտ, ազնվագույն մարդ, որից անգամ կոլխոզի նախագահն էր վախենում։

Երբ Հաթամանց Ժորիկը գյուղամիջով անցնում էր, բոլորը քարանում էին, զրույց անողները լռում էին, երեխաները խաղն էին ընդհատում, կանայք գլխաշորներն իջեցնում էին մինչև աչքերը։ Եթե Ժորիկը մեկին նկատողություն էր անում (ինչը նա հաճախ էր անում), ուրեմն հազար անգամ ստուգված, հիմնավորված նկատողություն է. վիճել, հակառակվել չարժե։ Բոլորն էին ընդունում նրա խոսքը, որովհետև Ժորիկը սխալ, անարդար բան չէր ասի երբեք։

Վճռական ու խիստ էր նաև իր ընտանիքում։ Իմ նանը՝ Ժորիկի մայրը, տան դռնից նայում էր՝ հենց որդու կերպարանքը հեռվում  տեսնում էր, բոլորին ձայն էր տալիս՝ հրեն, Ժորիկը կյալիս ա։

Թեյնիկը նույն վայրկյանին եռում էր, շաքարը սեղանին էր, ճաշը վառարանի վրա քլթքլթում էր, նանը տաշտից թարմ հաց էր հանում։ Մայր ու կին Ժորիկին էին հացավորում՝ տեղը տեղին։

Պապս՝ Ժորիկ Փայտյանը

Գրքերում գրելու էր աժդահա Հաթամի ու կես բուռ Յասամանի տարեց սերը։

Հաթամ ապին դեռ նեմեցի վախտերից մի դանակ ուներ գրպանում։ Իր նման մի քոթուկ կար դռանը, նստում էր այդ քոթուկին, նեմեցի վախտվա դանակով խնձորը բարակ կլպում, մանր կտրատում ու դիլիմները տալիս Յասամանին՝ Այա ջան, առ կեր։

Յասամանը Հաթամի համար Այա էր, միայն Հաթամի համար։

Իսկ Այան բարձի տակ միշտ մի համով բան պահած էր լինում ամուսնու համար՝ մի կոնֆետ, բլիթ կամ երկու մանդարին։

Իմ Հաթամ ապին ինձ նստեցնում էր իր երկհարկանի ուսերին ու բարձր գոչելով՝ ինձ պտտեցնում։ Ես նրա մեծ ծոռն էի, աչքի լույսը։

Ինձ տատս է մեծացրել։ Ես տատիս գոգնոցի, նրա եփած ուրցով ապուրի, թխած հացի ու բաղարջի բույրով եմ մեծացել։

Տատս՝ սիրուն Զարիկը, Հաթամի ու Յասամանի մեծ հարսն էր, նրա խոսքը կշիռ ուներ։ Թեև ամուսինը՝ Ժորիկը, խիստ հայացքներով, հատու, կոպիտ մարդ էր, բայց բնավորությամբ ու արտաքինով փափուկ իր կնոջ հետ հաշվի էր նստում, որովհետև Զարիկը Փետունց գերդաստանի 7 անգամ չափող, մի անգամ կտրող մեծ հարսն էր, որ 16 տարեկանում էր իր առաջնեկին՝ հորս, ունեցել ու 30 տարեկանում արդեն 4 որդիների մայր էր ու մի հսկա տուն էր ղեկավարում, բոլորին առոք-փառոք պահում, խնամում ու հոգ տանում։

Նորաշենի մեր տան պատշգամբը

40 տարեկանում Զարիկը տատ էր դարձել՝ ես էի ծնվել՝ Փայտյանների գերդաստանի առաջին աղջիկ թոռը։ Տատս 4 տղա էր լույս աշխարհ բերել՝ աչքը աղջիկ երեխայի վրա ու շատ էր խնդրել Աստծուն, որ գոնե աղջիկ թոռ ունենա ու անունը Նաիրա դնի։

Ասում էր. «Երևի չափից շատ խնդրեցի Աստծուն, դրա համար էլ տղիս 4 աղջիկ ծնվեց, տղա չունեցավ»։

Մայրս Ժորիկի ու Զարիկի մեծ հարսն է՝ միակը, որ պահպանեց սկեսրայրի մոտ հաց չուտելու շամշադինյան մոռացված ավանդույթը և մինչև պապիս մեռնելը, նրա մոտ ատամն ատամին չկպցրեց։

Փայտյանների գերդաստանի մեծ հարսի ստատուսը Զարիկից հետո ավտոմատ կերպով անցել էր մորս՝  պարտականություններն ու հոգսերն էլ հետը։

Իմ Զարիկ Մաման իր ավագ որդուն՝ հորս հենց որ ամուսնացրել է, մի ամիս հետո ուղարկել է Երևան, թե՝ գնացեք, ես ձեր բաժին տանջանքը վաղուց քաշել եմ արդեն, գյուղի ցեխը, հողի հոգսը  չտեսնեք։ Ձեր հետևից 3 տղա էլ ունեմ, թող նրանք մնան գյուղում։

Իհարկե, 3-ն էլ հորիցս շուտ «փախան» քաղաք։

Մայրս իր առաջնեկին՝ ինձ, ստիպված հանձնել է տատիս, որ կարողանա Նորաշենից Երևան եկած իր տեգրերին ու մյուս ազգականներին իր տանը պահի, ուսման տա, ոտքի կանգնեցնի։

Մայրս պատմում էր, որ ինձ գյուղ ուղարկելուց հետո իմ բարուրաշորը դիտավորյալ չէր լվացել, որ հոտ քաշի, իմ կարոտը բարուրաշորիցս առնի։

Ինքը՝ Երևան, ես՝ Նորաշեն։

Դրա համար էլ ես Զարիկին այդպես էլ տատ չասացի, ասացի մամա։ Նա իմ մայրն էր, ես նրա 5-րդ զավակն էի։

Այդքան ջահել, սիրուն, 40 տարեկան տա՞տ։ Ու Զարիկին մինչև վերջ, անգամ 80 տարեկանում ոչ ոք տատ չասաց։ Նա իր 16 թոռների ու 16 ծոռների համար անգամ մահվան մահճում մնաց Զարիկ Մամա՝ քաշով մեկ բարություն, խիղճ, հոգատարություն ու սեր, սեր, սեր։

Իմ Հաթամ ապին երկհարկանի հսկա տուն էր կառուցել՝ հսկա պատշգամբով, որ իր թոռների ու ծոռների հարսանիքներն իր տանն անի, որ տան պատերը դհոլ-զուռնայի ձայնից դղրդան։

Նորաշենի բարձունքում էր հսկա տունը կառուցել, որ Նորաշենի նահապետի տունը բոլոր կողմերից երևա, որ Նոր տարուն, Վարդավառին ամբողջ գերդաստանը, ամբողջ գյուղը իր տանը հավաքվի, ու ինքն ամեն անգամ զգա, վերապրի Փայտյանների տոհմի Մեծը, Քոթուկը լինելու բերկրանքն ու պատիվը։

Փայտյանների նահապետի սարքած հսկա տունը կանգուն է՝ փառահեղ, հպարտ, մի քանի սերնդի լաց ու ծիծաղ տեսած, ծխացող տաք վառարանով, հավ ու աքլորի կանչով, փռից նոր հանած տաք հացի բույրով, առաջնեկին սպասող հարսի ծանր քայլքով և հուշերով, հուշերով, հուշերով։

Փետունց Հաթամի կառուցած տան պատուհաններին դեռ սիրուն Զարիկի օսլայած ճերմակ վարագույրներն են կախված, հատակը՝ մուգ կարմիր ներկած, անկողինը՝ ծաղկաբույր, գորգերն ու կարպետները՝ ծաղկագույն։

Փետունց Հաթամի սարքած մեծ տունն իրեն շենացնողի, իր բնակչի՝ Մարդու կարոտն է քաշում։

Նաիրա Փայտյան

Նկարազարդումը՝ Կարինե Արոյանի