Այս աշխատանքը ներկայացված է «Մանկություն․ ուր էինք ուր հասանք» մրցույթին։  

Շաբաթ օր էր: 

Եթե ամուսնանում, տուն-տեղ ես դնում, կամաց-կամաց շաբաթ-կիրակին դադարում է ոչ աշխատանքային լինելուց: Տուն-գործ, գործ-տուն առօրյայի արդյունքում տան համար ինչքան ֆիզիկական ու բարոյական աշխատանք կա, գալիս-կուտակվում են էդ էրկու որբ օրերի գլխին: Սև, մութ ամպերի նման:

Ամբողջ շաբաթ մեքենայից ինչ որ արտառոց դռդռոցներ էր գալիս. նախ և առաջ հարկ է իջնել բակ ու զբաղվել դրանով: 

Ու իջա հայաթ:

Չնայած մեքենայի մեխանիզմից բան չեմ հասկանում, հազար ու մի տեսակի կլուչեղենի պակաս չունեմ. քինդեր սյուրպրիզ հավաքող երեխու նման ինչ կա՝ պետք-անպետք, առել լցել եմ գարաժ ու ավտոյի մեջ: Ամբողջ թաղի «կլուչ տվողը» ես եմ, փոխ են առնում, տանում են, ու չեն բերում, այլ գալիս են նորը տանելու: Երևի դրանից է, որ դրսում մեկին հանդիպելիս՝ կանգնում, ասում-խոսում ենք, ու երբ էլ ասելիք չի մնում, թաղեցիս վռազ-վռազ վրա է բերում՝ «ապեր ջան, էն կլուչդներդ չեմ մոռացել, կտամ քյոռփես կբերի…»:

Նոր էի կլուչների գլխապտույտ առաջացնող սեթը փռել դիմացս, ավտոյի կապոտը բացել, փորձում գոնե մի անգամ օգտագործել այս հրաշագեղ գործիքների հավաքածուն, երբ մեզանից մի հարկ ներքևի հարևան Աշոտ պապը բուսնեց դեմս: Լավ է, որ դեռ գործի չէի անցել, ինչ որ բանի հերը չէի անիծել:

Աշոտ պապուն ամեն առավոտ գործի իջնելիս անպայման տեսնում էի, բարևում, ու ես էլ, «Աշոտ պապի»-ով էի դիմում՝ երեխեքի լեզվով, ու հետո, ավելի ուշ հասկացա, որ նրան բոլորը էրեխավարի են դիմում: Նա քառասուն տարուց ավելի գազելի շոֆեռ էր եղել, կյանքը տակից գլուխ տնտղել: Վերջերս, մի քանի տարի առաջ, նրա գիծը հանվել էր, թե փոխվել, նոր գազելներ էին վերցրել, ու սա մահանա դարձրած՝ յոթանասունն անց Աշոտ պապիին իր հին, դռդռան, բայց միշտ սարքին ու միշտ մաքուր, երբեք ճամփի կեսին խարաբ չլինող գազելով ուղարկել էին տուն՝ վաստակած հանգստի: Ու, դրանից հետո, ահա՝ Աշոտ պապը սկսում է ականատես լինել, թե ոնց են մեծանում երեխաներն՝ առհասարակ, իր թոռները՝ մասնավորապես. մեծ գյուտ էր սա գործի բերումով իր երեխաների մեծանալը չտեսած մարդու համար…

Հենց բակում բացած կապոտով մեքենա տեսներ, իր բարոյական պարտքն էր համարում երրորդ հարկից վռազ-վռազ իջնել ու իր անփոխարինելի «մաշինավեդի» օգնությունն առաջարկել փչացած մեքենայի տիրոջը, և բնավ կապ չունի, թե ով է նա, ծանո՞թ է, թե՞ անծանոթ: Ավելի շուտ գալիս էր, բարևում, ու զրույցի որևէ թեմա բստրելով սկսում էր մաշնի գործը առաջ տանել, հետևապես, երբ նա մոտենում էր, ընդամենը պետք էր ձեռքերը մաքրել, քաշվել մի կողմ ու պահել զրույցի թելը:

էսօր էլ իմ հերթն էր: Աշոտ պապու մեքենաշինությունը մի երկարատև, դնդնալով դանդաղ առաջ գլորվող կյանքի փիլիսոփայության մենախոսություն է, շատ-շատ՝ երկխոսություն, նայած թե ով է երկխոսության մյուս ծայրին: Այդ երկխոսությունը եթե վերածվի բանավեճի, Աշոտ պապը անպայման կհաղթի քեզ, բայց համոզիչ, փաստարկված, առանց որևէ գերազանցության թելադրած զոռբայության, ինչը ինձ չի հաջողվում անել, երբ ես եմ (բանա)վեճի բռնվում իմ փոքրերի հետ. դա ահռելիորեն շատ նյարդեր ու համբերություն է պահանջում:

Մանկությունից շատ խոսեցինք այդ օրը, սերունդների հերթափոխից, սերունդների բախումից: Աշոտ պապը գտնում է, որ սերունդների հերթափոխի շրջանն ավարտված կարելի է համարել, երբ նախորդ սերունդն այլևս որևէ բան չունի տալու-փոխանցելու-կտակելու եկող սերնդին: Այլապես անցնող սերունդը իր առաքելությունը կիսատ թողած մի սերունդ է, անկատար սերունդ: Բարդ բանաձև է, չափումների, սահմանումների դժվար համակարգով: 

Նաև ասաց, որ մանկությունից մարդու կյանքում մնում է մի սիմվոլիկ առարկա՝ ամուր կապված կյանքի արշալույսին տեղի ունեցած ամենակարևոր իրադարձությունների հետ: Այդ իրով հնարավոր է ճանապարհորդության դուրս գալ ժամանակի միջով դեպի մանկության անցյալի օրեր: Ու այդ իրը միշտ մեր կյանքում է, երբեմն մի խորդանոցում աչքից կորելով, երբեմն մի անսպասելի հանգամանքում հայտնվելով, միշտ իմաստակիր, միշտ անփոփոխ արժեքով: Վայ նրան, ով կորցրեց այդ իրն իր խորդանոցի ու հուշերի ծալքերից: Օրինակ Աշոտ պապի կյանքում այդ իրը լուսահոգի հոր փեդե փոքրիկ մուրճն է՝ թոխմախը: Դերձակ հերը այդ մուրճով ծեծում-նստացնում էր կարած գլխարկների ու կաստում-շալվարների կոպիտ ու ցցված կարերը, կոկում ու գեղեցկացնում այն: Սա դերձակի աշխատանքի ամենավերջին փուլն է: Սակայն մուրճը բացի կոկել-գեղեցկացնելուց, նաև վաղնջական դաստիարակչական մեթոդներից մեկի իրականացման գործիքն էր. դրանով դերձակ հայր ազատ ժամանակ սխկում էր Աշոտ  պապու յոթ ախպերներից ամենաշատ ղալաթ արածի մատերն ու թաթերը՝ կոկում ու սիրունացնում էր նրա բնավորությունը, դաստիարակության կար ու ձև էր անում փեդե թոխմախով:

Աշոտ պապը ամենաշատն էր թոխմախի համը ճաշակել, ու հոր մահից հետո թոխմախը ժառանգեց ոչ թե հոր փեշակը շարունակող Սլավիկը, այլ շոֆեռ Աշոտը:  Այդ որոշումն այնքան տեղին էր, որ չհիշեցին էլ, թե ով առաջարկեց այդպես վարվել: Այն ժամանակ բարոյական օրենքները իրավունքի ուժ ունեին, բարոյական օրենքով Աշոտ պապը այն ժառանգեց:  Ու Սլավիկը իր համար սուսուփուս նոր թոխմախ զակազ տվեց…

Վերցրեցի ճամպրուկն ու ճամփա ընկա: 

Ճամպրուկի մեջ է ամփոփված այն ամենը, ինչն իմ առջև ճամփա բանաց դեպի անցյալ, դեպի Մանկություն: Մանկությունը Ես-ի պես մի բան է: Երբ ասում ես «մանկություն», պարտադիր չէ նշել «իմ մանկությունը», ինչպես որ «ես» ասելիս ինքներս միայն մեզ նկատի ունենք, այնպես էլ «մանկություն» ասելիս նկատի ունենք մեր մանկությունը: -ս հոդը պարտադիր չի: Որոշ լեզուներում Ես դերանունը միշտ մեծատառով է գրվում…

Վերցրեցի Ճամպրուկն ու ճամփա ընկա: Դեպի Մանկություն գնացող մարշռուտս սա: Այս առարկան իր հերթին լեցուն է տարբեր իրերով, և դրանցից յուրաքանչյուրը դեպի մանկություն տանող ճանապարհին ցցված ուղեսյուներ են՝ հերթով, կարգով…

Ճանապարհ ընկնելուց առաջ սովորաբար ճամպրուկ են վերցնում, տարբեր չափերի, գույների: Իմ Ճամպրուկը մի հին, միջին չափի, անկյունները կիսաժանգոտ երկաթե անկյունակալներով Տատուցս ժառանգած «չամադան» էր, վրայի շականակագույն մոմլաթը տեղ-տեղ մաշված ու գունաթափված, տեղ-տեղ էլ քրքված, մի երկու տեղ էլ վառված-սևացած: Երբ այն ինձ հանձնեցին, գրեթե նոր էր: Ամբողջ կյանքում չճանապարհորդած Տատս որտե՞ղ պիտի օգտագործեր այն: Բաղնիք գնալու համար մի փոքր, կես գրկաչափ ճամպրուկիկ ուներ, ողջ կյանքում միայն դա էր օգտագործել, իսկ  սա Տատիս օժիտի Ճամպրուկն էր: Երբ վեց տարեկան էի՝ նա վախճանվեց. Ճամպրուկը ես ժառանգեցի: Չեմ էլ հիշում, թե ում գաղափարն էր այն ինձ տալը: Այն ժամանակ բարոյական օրենքները իրավունքի ուժ ունեին, բարոյական օրենքով այն ժառանգեցի: Այսպիսով, այս չամադանը միայն ես եմ օգտագործել:

Ճամպրուկից Տատիս անուշ հոտն էր գալիս, նրա գրկահոտը. երևի այն ինձ տվեցին, որ նրան չմոռանամ, չկարոտեմ, ու դրանից մոտս ինչ-որ բան չխաթարվի: Ժամանակին ամենաարժեքավոր իրերս այդ ճամպրուկի մեջ էի դնում, ու Տատիս հոտը փոխանցվում էր դրանց՝ կրկնապատկելով դրանց արժեքը, և այդպես, հետզհետե տատահոտը տարածվեց իրերիս վրա, ապա՝ իմ վրա, ու այսպես՝ ողջ էությունս պարուրվեց այդ բույրով: Մի անգամ, երբ արդեն 17 տարեկան էի, հարցրեցի մորս, թե արդյո՞ք նրան դուր գալիս է Ճամպրուկից՝ Տատիցս եկող այս տատահոտը, ու զարմացա, երբ նա ասաց, որ Ճամպրուկից ոչ մի հոտ էլ չի առնում: Ոչ ոք դրանից ոչ մի հոտ չէր առնում, բացի ինձնից: 

Ճամպրուկում շատ իրեր կան, մանր ու մեծ, կորող ու ճիշտ պահին գտնվող:

Ահա, սա առաջին գիրքն է, որը ծայրից ծայր կարդացել եմ՝ Ռոդարիի «Ջելսոմինոն սուտասանների աշխարհում»: Ճամպրուկի միջի միակ գիրքն է: Վաստակել է մյուս գրքերից առանձին կարգավիճակ ունենալու իրավունքը: Սա Ճամպրուկի ուղեղն է, այն գրքի մտքերով է մտածում: Երբ առաջին անգամ կարդում էի, սա հեքիաթ-վիպակ էր, հիմա պարոդիա-իրականություն է: Սպասում եմ, որ այս պարոդիա-իրականությունը հեքիաթ-վիպակի նման ավարտվի:

Սա արծաթե մատնոց է: Առաջներում ինչ ասես չէին պատրաստի արծաթից: Հիմա միայն զարդեր են սարքում՝ աչք ծակող, փայլփյլուն: Նախկինում աչք ծակելը, փայլփյլելը կյանքի նպատակ չէր: Այս մատնոցի օրինակով պարզաբանեմ. միայն դրա տերը գիտեր, որ սա արծաթ է, փոքր հարգադրոշմը միայն խոշորացույցով է հնարավոր գտնել, ու այն օգտագործում էր սովորական կար անելիս, ոչ բոլորի առաջ, առանց ցուցադրելու ու փայլփյլացնելու. կար անելը ներքին կենցաղ է: Ու արծաթե մատնոցով կարկատում էին ինչ-որ մաշված գուլպի ծակուծուկեր, հնամաշ հագուստի ծակ, մկնոտ ջեբերը: Ասել է թե՝ այն իսկական ու մաքուր արծաթ էր, ցուցադրելու համար չէր: Սա Ճամպրուկի կապիտալն է:

Սա շվեյցարական բանակային դանակ է: Սա ճամպրուկի զինանոցն է, ձեռ ու ոտը: Երբ երրորդ դասարան էի, սրանից տեսել էի բթամիտ մեկի ձեռին, ու այդ օրվանից երազում էի ունենալ: Վիրավորական էր դա չունենալը: Անքուն գիշերներ լուսացրեցի դա աչքիս առաջ՝ իր տարբեր գործիք-շեղբերով՝ մկրատ, սղոցներ, մեծ ու փոքր դանակեր… Մի անգամ ընկերս նվիրեց դրա չինական, անորակ ծաղրապատճենը, որն հաջորդ իսկ պահին վախճանվեց գինի բացելիս: Վերջապես երկար ամիսներ դպրոցում բուֆետ չգնալու հաշվին ինքնուրույն ձեռք բերեցի այն: Իսկականը: Ու սովորեցի, որ երազանքներդ միայն ինքդ կարող ես իրականացնել: Ուրիշները, ովքեր էլ լինեն նրանք, դրա սոսկ չինական, շուտ ջարդվող տեսակն են հրամցնելու քեզ: Դրանից հետո արդեն երազում չէի տեսում նման բաներ:

Այս ուղղանկյուն, բրոնզե սևացած սրբապատկերը ժառանգել եմ մեր հին հարևան մի ռուս տատուց: Բեռլինի գրավումից մեր հարևանի պապը ավար բերեց վեց հատ սվաստիկայով չայի գդալ, ու իրենց գնդի ֆելդշերուհուն: Այնքան շատ են այն աղոթելիս մաժմժել, որ Մարիամ Աստվածամոր ու Հիսուս Քրիստոսի դիմագծերը մաշվել են: Պարզ երևում էին միայն Աստվածամոր զգեստի ծալքերը, գրկանոց Քրիստոսն ու հունատառ գրությունները: Աթեիստ ֆելդշերուհու օրթոդոքս սրբապատկեր է: Երբ կարևոր դաս էի ունենում պատասխանելու, քննություն՝ տալու, այդ օրը դպրոց էի գնում Աստվածամոր ու մանուկ Հիսուսի սրբապատկերը գրպանումս: Օգնում էր: Սա Ճամպրուկի հոգին է:

Այստեղ մեծ շուքով մի լուսանկար է պահվում: Տատիս ու պապիս հարսանեկան նկարն է: Պրպտող պատմաբանը կարող էր այս մի հատիկ նկարի հիմքի վրա մի հրաշալի միկրոպատմաբանական աշխատանք կատարել. այնքան պատմական կալորիականություն ունի այն՝ իր հնատարազ սիրավեպերով ու այն ժամանակ մոդեռնիզմի վերջին ճիչ համարվող հարսի սպիտակ զգեստով: Այս լուսանկարը Ճամպրուկի հին օրերից մնացած շուք ու փայլն է:

Ճամպրուկն ամեն ինչ ունի. եթե այն ուղղահայաց կանգնեցնես՝ ինքնուրույն կքայլի ու կգնա շատ կորած բաներ փնտրելու: Այնքան հուշեր է այն ի մի բերել ու իրենում անթեղել, որ ի զորու սեփական կյանքով ապրելու: Ու այդպես ստեղծել է իր հոգին, իր էությունը, որի անունը Մանկություն է:

Իսկ նրանք, ովքեր տնից տուն տեղափոխվելիս, կամ տունը վերանորոգելիս խորդանոցում կամ գարաժում մի մատնոցաչափ, նկարաչափ կամ ճամպրուկաչափ տեղ խնայելու նպատակով աղբանոց են նետում նման իրերը՝ իրենց հուշերով, հիշողություններով պարուրված, տարբեր առարկաներով ու անկշռելի մարուքներով հանդերձ՝ անդարձ կերպով մի կողմ են նետում այդ էությունը ևս…

Մանկություն չունեցող մարդիկ են նմանները…

Ինքս այս անմեկնելի ու անընթեռնելի ուղիներով ընթացող ներկան դիտելիս դժվարանում եմ գալիքի Ճամպրուկներից խոսել: Դրանից թող վաղվա Աշոտ պապերը խոսեն, թող նրանք համոզիչ սկզբունքներ ու դասիչներ մշակեն՝ դասկարգելու մարդկանց մանկություն ունեցողների և մանկություն չունեցողների:

 

10.04.2022-30.05.2022

Տիգրան Չանդոյան

Նկարազարդումը՝ Կարինե Արոյանի