Բլուրների արանքում, ինչպես լքված առասպելների ու մոռացված հեքիաթների բնակատեղի, ծվարել է կարմիր տանիքներով գյուղը: Սահմանը հսկող համր շներն իրենց ատամներն են ցույց տվել զինված թշնամուն: Գյուղապետը չի հանձնել զենքը, երբ խաղաղապահները պահանջել են հեռանալ. երդվել է դատարկ փամփուշներով, սպառնացել ազդանշան տալ մոտակա անտառում ապաստանած իր ջոկատին:
Պատերազմի օրերին միայն երկու երիտասարդների կորուստ ենք ունեցել. աղջիկն աչքի էր ընկնում գանգուր մազերով, իսկ նրա հետ կորած տղայի մաշկին ասես անծանոթ էին արեգակի շողերը: Փնտրեցինք նրանց գետի ողջ երկայնքով: Ոստիկանական մոտոցիկլետը կամավորների հետ սանրեցին անտառը` հայտնի փչակները, արջասպանի քարանձավը, ոռնացող գայլերի բները, պատմում էր գյուղապետը,- ու քանի որ մութ էր և անձրև էր տեղում, ոտնահետքեըն անհետացել էին: Անհաջող որոնումներից հետո երկու ընտանիքները ողբացին իրենց երեխաների անժամանակ կորուստը:
Ես հեռացա գյուղից մութն ընկնելուն պես, ինքն իրեն ասաց աղջիկը,-աղմկոտ երեկո էր: Տղամարդիկ պար էին բռնել, բաց ձեռնափերով մոտենում էին ու հարվածում միմյանց , իբրև «հակառակորդներ» մեկն ասես հարձակվում էր, մյուսը պատասպարվում հարձակումից: Մեր գյուղի տղամարդկանց ռազմապարն էր: Կանայք հիացմունքով ծափահարում էին, ծափերը դառնում էին ուժգին ու կտրուկ:
Օգտվելով տեղատարափ անձրևից ու խենթ պարի սքողող հնչյուններից, թաքուն հրաժեշտ տվեցի գյուղին: Այնտեղ ամենուր փշալարեր էին, միտքս մթագնում էր ծառերի խիստ ստվերից, եղինջի ծակոցներից, կաթնասունների արտաթորանքի հոտից: Ողջ գյուղը սգում է իմ գոյության բացակայությունը, ի նշան կորստի, ցավի վարագույրները ծածկել են պատուհանները, որպեսզի արևի ոչ մի շող չներթափանցի տուն: Գյուղը նման է մեծ փչակի, որտեղ բնակիչները վաղ են արթնանում, մաքրում են եգիպտացորենի մնացորդները, ընտրում են զուգընկեր և փչակի ղեկավար: Երեկոյան ուտում են ընկույզ, օրը կրկնվում է` եգիպտացորենի աղբակույտին փոխարինելով ընկույզինը:
Նրանք ինքնապահպանման բնազդով վախենում են կրակից, որովհետև նրանց հասու չէ այնկողմնային հեռավորությունների մասին գիտելիքը:
Օդում հնչում են կրակոցներ: Տղայի ինքնապահպանման բնազդը ստիպում է նրան թաքնվել: Նա ձեռքերով փակում է դեմքը, որպեսզի սիրեցյալը չնկատի աչքերից հոսող արցունքները: Ազատության համար մղվող որս է, ասում է տղան: Նրա առջև արյունոտված փետուրներով աղավնիները գահավիժում են ջրափոսի մեջ, դեռ ողջերի անմեղսունակ բիբերում վերածնվում է տագնապը:
Թշնամին քայլ առ քայլ մոտենում է գյուղին: Հավանաբար մարդկանց կկապի ծառերից ու հերթով կգնդակահարի: Մորս շուրթերից անեծքի բառեր կհնչեն, որ քաջարի տղամարդու պես չընկա հրացանի գնդակից: Տղան, գալիք պարսավանքից շնչահեղձ, չորեքթաթ մոտենում է կաղնուն ու գրկում հաստաբուն ծառը: Նա մագլցում է ծառի վրայով և մտնում փչակի մեջ, որպեսզի ոչ ոք չգտնի իրեն:
Աղջիկը մտածում է տղան գետնի տակն է անցել, թշնամին սպանել է նրան և հավասարեցրել հողին: Նա եղունգներով սկսում է փորել հողը` մինչ փոս առաջանալը: Ինչպես հեքիաթներում նա հանդիպում է սկյուռին:
– Սկյուռիկ, օգնիր ինձ, ասա, տեսե՞լ ես տղային:
Սկյուռը մի ցատկով հայտնվում է փոսի մեջ, բարձրացնում է առջևի թաթիկը, ցույց տալիս փչակը: Գիշատիչ ժպիտը բացահայտում են դիմացի երկու խոշոր ատամները: Սկյուռը և տղամարդը տեղերով փոխվում են: Նա ուղղում է ողնաշարը, ամբողջ հասակով կանգնում աղջկա առջև, ասես ինչ-որ կարևոր լուր ունի հայտնելու փչակում ապրած կյանքի մասին: Աղջիկը պառկում է իր փորած ջրափոսի մեջ, հագուստները թրջվում են, մազերի գանգուրները ծանրանում են և ուղղվում: Նրան տանջում է վերադարձի դեպքում ներողություն հայցելու գալիքը:
Փչակ ունեցող ծառը կին չէ, մտածում է տղան ջրափոսին նայելիս,- կնոջ մաշկը ողորկ է ու բուրավետ` իր նախընտրած օծանելիքից առավել:
Պատահած այս շրջադարձային իրադարձության հետագիծը ծառից դեպի կինն էր, փչակից `հայենի գյուղակը տանող մտքերի խառնարանը, ուր ձևավորվում էր հողին շունչ տալու նվիրական համոզմունքը:
Նրանք վազում են անհայտ կածանների միջով, տրորում են հայելի դարձած ջրափոսեր ու թռչում դեռահաս թփերի վրայով: Նրանք վազում են գետի ձախ ափը, որտեղ վերջին անգամ տեսել են համագյուղացիներին: Ոչ ոք չկա: Վառ խարույկի մնացորդները հանգել են անձրևի կաթիլներից, այլևս ոչ մեկ չի պարում, չեն ծափահարում կիսաքաղց երեխաները: Գյուղապետի կինն իր հետ տարել է հարիսայի կաթսան, հավաքել եգիպտացորենի մնացորդները: Առանց պար ու երգի գյուղը դատարկ է ու ամայի:
– Մնանք գետի ձախ ափին, մեր մարմինները նվիրենք հողին և հողի հետ հանձնվենք հակառակորդին: Ինչ էլ պատահի մեզ հետ, կլինենք միայն ես և դու, – ասաց աղջիկը:
– Վերջին անգամ որտե՞ղ եք տեսել նրանց,- հարցրեց հյուրերից մեկը հուզված գյուղապետին:
– Գետի ձախ ափին:
Գյուղացիները թմբուկ խփելով, աղմուկ բարձրացնելով գնացին կրկին փնտրելու կորուսյալներին: Մթության մեջ վառեցին լապտերները ու գյուղապետի մոլեգին հայացքը որսաց գետի ափին գրկախառնված սիրահար զույգին: Գյուղապետի կինն իր հետ բերել էր մեծ կաթսան, ուր ապուրի փոխարեն եռում էր փայտով զինված գյուղացիների ցասումը:
Հոգևոր ավերակներում գրկախառնված` նրանք դեռ հավատում էին, որ գոյություն ունի պայքարում թրծված եդեմական բնակավայր, ուր սկզբնավորվում են միայն կինն ու տղամարդը:
Լիլիթ Կարապետյան
Օգոստոս 2022 թ.
Ճակատին՝ Նարեկ Ալեքսանյանի լուսնկարը, Աղավնո գետը։