Կար մի աղջիկ։ Առաջին հայացքից սովորական անհատ, ով ծնվել ու մեծացել է Արցախում։ Այ այստեղ կանգ առնենք։ Զգացիք չէ՞ ինչ֊որ բան, սարսուռ, զարմանք, ժպիտ կամ այլ նման երևույթներ վստահ եմ ծնվեցին ձեր հոգում։

16 տարեկան է, արդեն 2 պատերազմ է տեսել, ապրել ու զգացել։ 2 անգամ թողել է հարազատ տունը, իսկ հիմա` գերի է հարազատ տան մեջ։

44-օրյա պատերազմում կորցրել է եղբորը, ու միանգամից մեծացել մի քանի տարով։

Հաղթահարելով այդ ամենը, վերադարձել է տուն, գաղթի ճամփա բռնելն ուղղակի բացառելով, որովհետև դա էր իր տունն ու օրրանը։ Որովհետև այդ հողի համար է անմահացել իր եղբայրը և հազարավոր տղաներ։ Որովհետև այդ հողի վրա է առաջին քայլերն արել ու արտաբերել առաջին բառերը։

Չնայած վաղ տարիքին, փորձել է կերտել իր իսկ խաղաղությունը, ներքին, փոքրիկ անդորրն այդ համատարած պատերազմող խաղաղության մեջ։ Ու քիչ թե շատ ստացվել է։

Հիմնել է իր փոքրիկ բիզնեսը, ու մի քայլով էլ ավելի ուժեղ կանգնել հայոց հողին։

Սկսել է զբաղվել մարքեթինգով, ու զուգահեռաբար սկսել է իր գրքի տպագրման աշխատանքները։ Այն գրքի, որը սկսել էր գրել պատերազմի ժամանակ, բայց շուրջ 2 տարի տպագրվել չի ստացվել, քանի որ միշտ պատերազմող խաղաղության մի քանի կրակոցներն անգամ կարողացել են խախտել իր ծրագրերն ու ամբողջ գործընթացը։

Պատրաստվում էր գնալ Երևան, վաղեմի նպատակը` գրքի տպագրումն իրականացնելու։ Այդ ամենի հետ զուգընթաց պատրաստվում էր մասնակցել նոր դասընթացների ու կուրսերի, որոնք կօգնեին ավելի հմտանալ բիզնեսում։ 

Երևանում ծնվել էր քրոջ որդին, ավելի ճիշտ` վերածնվել։ Անմահացած եղբայրը կրկին վերածնվել էր, նույն անվամբ ու արտաքինով։

Թվում է թե ամեն բան կատայալ է, այնպես չէ՞։

Երկար սպասված երեխայի ծնունդը, նոր դասընթացները, բիզնեսի զարգացումը, գրքի տպագրումը․․․

Ու հենց այն օրը, երբ աղջնակն ամենաերջանիկը պիտի լիներ, քրոջ երեխան իր գրկում, մի քանի ժամից տպարանի աշխատանքները սկսելիս ու հաջորդ օրը երկար սպասված դասընթացներին մասնակցելիս, կարծես նոր կյանք մտած․ չէ՞ որ այդ տարիքի համար իրականում այդ ամենը մեծ, ահռելի աշխատանք է, ջանք ու հաջողություն…

Հենց այդ օրը նա կրկին զգաց իր սեփական մաշկի վրա նենգ թշնամու, արցախցիների դառը ճակատագրի համը։

Ու հիմա, արդեն մեկ ամսից ավելի է ու կարծես մինչև անսահմանություն ձգվող հորձանուտում մնացած աղջնակն այլևս առաջվա նման գործել, երազել ու աշխատել, կրթվել չի կարող, քանի որ զրկված է ամենատարրական պայմաններից։

Ցավալի պատմության հերոսը ես եմ, Վիկտորյան։

Անունս հաղթանակ է նշանակում, հաղթող էություն ունեմ, բայց միշտ պատժվում ու միշտ տառապում եմ պարտվող գաղափարով ու մտածելակերպով մարդկանց կատարած որոշումներից ու առք ու վաճառքից։

Այն Վիկտորյան եմ, ով իր սեփական մաշկի վրա զգում է այս ամենն ու կարծես ամեն անգամ իր սեփական մաշկի վրա զգալով մղձավանջը, չգիտի պայքարե՞լ, հանձնվե՞լ, թե՞ չորացրած խոտի կույտի մտածելակերպով առաջնորդվել, ինչպես մարդկանց մի մասն է անում։

Երազում եմ, այս ամենի փոխարեն լիներ ավելի գեղեցիկ ու դրական մի պատմություն, սակայն սա է իմ իրականությունը։

Երազում եմ լինել այնչափ համբերատար, որպեսզի այս տողերում քնքշանք տեսնելու հնարավորություն լիներ, սակայն վաղուց, ուժերիս պաշարները սպառվել են։

Այժմ, ես զրկված եմ իմ ուսման իրավունքից, զրկված եմ կյանքի ռիթմից, հարազատներիս տեսնելուց, նպատակներս իրականացնելուց։

Բարձր զարգացում ապրող տեխնոլոգիաների դարաշրջանում ես չունեմ էլեկտրականություն ինչպես հարկն է, չունեմ համացանցից օգտվելու կարողություն, բանկային քարտերս օգտագործելու տարրական իրավունք։

Ես ու ինձ նման 120.000 մարդիկ, ինձնից շատ աշխատանք ու անելիք ունեցող մարդիկ։

Գոչում ու գոռում ենք մեր դիմացկունության ու ուժի մասին, հարատևելու կամքի ու հայրենիքի հանդեպ սիրուց, բայց իրականում այդ սերը չկա։ Եթե ժամանակին սիրեինք այն հայրենիքը, որն ունենք, ապա այժմ հայ ժողովուրդը նման աղետի առաջ կանգնած չէր լինի։

Եթե ժամանակին հայրենասիրությունը չսկսեր ֆեյսբուքյան էջի գլխավոր՝ եռագույն նկարով ու չավարտվեր «Ազատ Արցախը ողջունում է Ձեզ» ցուցանակի մոտ բռունցք արած լուսանկարով, ապա այսօր մենք կունենայինք Ազատ Արցախ։

Ապա այսօր, բոլորը շատ լավ կիմանային այդ ցուցանակի նշանակությունը։ 

Ապա այսօր իրոք Արցախը կողջուներ բոլորին։

Հայրենիքն օնլայն սեր է վայելել, ու այդպես էլ ժամանակ առ ժամանակ ամենաիրական ու մաքուր սերը նվազել է ու անհետացել։

Սա է դաժան իրականությունը, որի մեջ մխրճված ենք  մենք, ու որից հետո, ցավոք, չգիտենք, ինչ է լինելու։

Հազարավոր նպատակներ հիմա կախված են օդից։

Հազարավոր մարդիկ հիմա ուղղակի շնչում են, մեկ֊մեկ արտաշնչում։

Հազարավոր ճակատագրեր այս պահին անհայտ են։

Ու հազարավոր երեխաներ հիմա կիսատ են, ընտանիքից հեռու, շատերն էլ` սոված։

Հազարավոր մարդիկ անգործ են, քանի որ աշխատատեղերի մեծ մասը փակվել է, այս ու այն հանգամանքի պատճառով։

Ու գիտե՞ք, հազարավոր մայրեր զրկված են Եռաբլուր գնալուց, որտեղ իրենց միակ որդու մարմինն է ամփոփված։ Այն որդիների, որոնք այսօրվա ազատության համար տվել են իրենց կյանքը, սակայն ի պատասխան՝ ազատություն այդպես էլ, ոչ ոք չի ստացել։

Եթե մի պահ, թեկուզ 1 րոպե, մարդիկ կտրվեն իրենց շռայլ առևտուրներից, այս ու այն ծովափերում, սրճարաններում ու ռեստորաններում նստած, մտածեն, ուղղակի մտածեն, թե ինչպես կվարվեին նման իրավիճակում, երևի ամեն բան այսպես չէր լինի։  

Հուսով եմ, մի օր բարին կհաղթի:

Դեռ հույս կա, մի փոքր նշույլ դեռ կա…

 

Վիկտորյա Միքայելյան

Նկարը՝ Լիանա Քոչարյանի