Այս աշխատանքը ներկայացվել է «Շրջափակված Արցախ» մրցույթին։

Կանչիր խաղաղությանը մեր տուն, մա՛մ,

շոյիր գլուխը ու վառարանի տաք լույսի տակ

չորացրու շորերը,

տաք թեյ տուր, թող ձայնը բացվի,

խոսելու շատ բան ունենք։

Ուսապարկի մեջ փնտրիր նամակները մեր

ու ասա,որ էս գիշեր չի քնելու,

մինչև չգրի պատասխանները։

Հեքիաթներ չպատմես նրան,թող չքնի,

մանկական ալբոմներ տուր,

որտեղ ինքը չկա,

որտեղ մանկություն չկա,

որտեղ պապաներ չկան,

բայց կան երեխաներ,

շատ երեխաներ։

Կանչիր խաղաղությանը մեր տուն,մա՛մ, այնպես կանչիր, ինչպես ինձ էիր կանչում,

երբ մի քիչ երկար էի մնում բակում,

թարս նայիր, թող տուն գա,

շատ է թափառել։

Ասա,թող բակի երեխեքի հետ կռիվ-կռիվ խաղա,

թող հավաքի բոլոր խաղալիք զենքերը

ու մի քիչ մանկություն բաժանի,

մի քիչ երազանք,

մի քիչ ամեն ինչից, որ չունեն…

 

Կանչիր խաղաղությանը մեր տուն, մա՛մ…

Հերմինե Ավագյան

2023թ., շրջափակման 37-րդ օր

Նկարազարդումը՝ Կարինե Արոյանի