1 Խմորը

Ժենգյալով հացին խմոր է պետք, էնպիսին, որ տարածաշրջանի ողջ ողբերգությունը մեջը տեղավորվի։ Մոտ երկու ամիս առաջ ադրբեջանցի խառնամբոխը փակեց Բերձորի ճանապարհը, դրանից հետո սնունդն ու այլ պաշարները քչություն են անում: Հունվարի վերջն է, ու քեզ տվել են գույնզգույն կտրոններ, որ կարողանաք հինգ տեսակի ուտելիք գնել Արցախի խանութներից։ Դու ժենգյալով հաց սարքող երրորդ աշխարհցի ես, և առաջին և երկրորդ երկրները չափազանց մտահոգ են։ Էնպես որ, չընկճվես․ հավանական է, որ դուք արդեն սովոր եք ֆորս մաժորային իրավիճակներում ապրելուն։ Եթե անունդ Բնիկ է, ազգանունդ Դիմադրելն է։ Բացի դրանից, հարևանուհիդ հավանաբար ուրախ կլինի քեզ հետ կիսել ալյուրի չնչին մնացորդները, որոնք պահել էր վաղ աշնանը հենց էսպիսի իրավիճակի համար։ Խմորի ամանը ծածկի սրբիչով ու թող, որ խմորը մի քանի ժամ հանգստանա։

ՀԻՇԻ՛Ր․  Քչության պատկերացումը մարդու ուղեղում է։ 20-ամյա ցանկացած անգլիախոս բլոգեր քեզ կբացատրի, որ պետք է քչության մտորումներից ուղեղդ փոխես առատության մտքին, որպեսզի տիեզերքը սկսի գործել ըստ քո կարիքների։ Հակառակ դեպքում, այդ կեցվածքով երբեք էլ բավարար ալյուր ու ձեթ չես հայթհայթի հացի համար։   

2. Միջուկը

Ժենգյալով հացն ավանդաբար բաղկացած է 10-20 տեսակի մանր կտրտած և ձեթով խառնած խոտաբույսերից։ Բայց հիմա շրջափակման ձմռան կեսերն է, և բանջարեղենը, մրգերն ու կանաչեղենն իսպառ վերացել են կերաբաժնից։ Բարեբախտաբար, կարող ես բավարարվել միայն 3 տեսակի վայրի խոտաբույսերով, և դրանց համար շուկա գնալու կարիք էլ չկա։ Ընտրիր ուզածդ խոտաբույսերն ու մանրակրկիտ լվացեք դրանք։ Ոչ թե «մանրակրկիտ», ինչպես միջազգային լրատվամիջոցներն են լուսաբանում քո երկրում տեղի ունեցող իրադարձություններն, այլ իսկապես սիրտդ դիր դրա մեջ, որպեսզի ամբողջ կեղտն ու մանրէները վերանան տերևներից։ Շատ կարևոր է, որ միշտ հոգ տանես քո առողջության մասին։ Նույնիսկ, երբ տրամադրություն չունես։

ՀԻՇԻ՛ՐՀազարավոր յութուբականներ ասում են, որ հաճախ իրենց մանկության ուտելիքներն են ուտում, երբ տրամադրություն չեն ունենում։ Ժամանակ առ ժամանակ լավ զգալն ամոթ չի, նույնիսկ եթե արևմտյան մարդ չես։

3 Ձևավորումը

Խմորի հանգստանալուց հետո, բաժանիր այն 4 հավասար գնդիկների, ճիշտ այնպես, ինչպես Արցախի երեխաներն էին բաժան-բաժան եղել իրենց ընտանիքներից ու սիրելիներից, երբ եկել էին Երևան՝ մասնակցելու Եվրո(մահվան)տեսիլ երգի մրցույթին ու տուն վերադառնալու հնար չունեին։ Գրտնակով խմորի գնդիկները հավասարաչափ օվալների վերածի։ Չմոռանաս ընթացքում շռայլորեն ալյուր լցնել մակերեսին և գրտնակին, ինչպես հումանիտար կազմակերպություններն են մեծահոգաբար շռայլում իրենց մտահոգության ու կարեկցանքի բառերը։ Երբ օվալները պատրաստ լինեն, խոտաբույսերը լցրու դրանց վրա, ապա կողքերից ծալիր ու նորից գրտնակիր խմորը, որպեսզի կանաչ միջուկից հետք չմնա. ճիշտ այնպես, ինչպես լրատվականներն են մեկը մյուսի հետևից տարածում ուշադրությունը շեղող տեղեկություններ, որպեսզի չերևա էականը։ 

ՀԻՇԻ՛Ր․Ուտելիքը պետք է պատրաստվի սիրով, քանի որ այն ոչ միայն մեր ֆիզակական մարմինն է սնուցում, այլև հոգևոր։ Անպայման էնպես արա, որ ուտելիք սարքելուց դրական լիցքերով լինես և հացիդ հաղորդես այնքան սեր, որքան կարող ես։

4․ Պատրաստելը

Սովորական խոհանոցում, սովորական պարագաներով կարող ես ժենգյալով հացդ տապակել չուգունե թավայի մեջ՝ վառարանի վրա։ Արցախում -5 աստիճան եղանակային պայմաններում, որտեղ Բաքուն ամեն օր կտրում է գազն ու էլեկտրականությունը, ստիպված ես բավարարվել շատ ավանդական մեթոդով՝ «սաջ» կոչվող թիթեղյա տապակով, որը դրվում է փայտի վառարանի վրա։ Տապակելուց առաջ սպասիր, որ վառարանը հասնի սենյակային ջերմաստիճանի, իսկ ընթացքում վայելիր կրակի հանգստացնող, ճտճտան ձայները։ Համն ամենակարևոր բաղադրիչը չէ, արտաքին տեսքն էլ պիտի գեղեցիկ լինի։ Էնպես որ, հացն այնպես տապակի, որ հաճելի տեսք ունենա։ Ճիշտ այնպես, ինչպես աղավնի սատկացնող բնապահպապանները, այդ դասագրքային ֆաշիստներն են մորթյա վերարկուներով, որ իրենց նենգ առաքելությունն ավելի ընդունելի դարձնեն լուրերը կարդացող, իրադարձություններից պատկերացում չունեցող օտարերկրացիների համար։

ԽՈՐՀՈւՐԴ Հոգեկան առողջությունը շատ կարևոր է: Մի շարք բլոգերներ խորհուրդ են տալիս որքան հնարավոր է հաճախ կտրվել սոցիալական մեդիայից ու համացանցից։ Ուրիշների ողբերգությունների մասով շատ բան չես կարող անել, պարզապես կյանքդ քեզ անտանելի կթվա։

     5․ Բարի ախորժակ

Ժենգյալով հացը պատրաստ է։ Կարող ես ուտել։ Շատ չանցած, այն կվերջանա, ինչը քեզ մի քիչ կտխրեցնի ու կհիշես այն կարոտով, երբ նորից սովածանաս։ Բարեբախտաբար հետագայում նորից կարող ես ժենգյալով հաց սարքել։ 

Նարե Այվազյան

Նկարը՝ Կարինե Արոյանի